Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին, կարևորել մարտահրավերները «համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը»

Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը առավել կամրապնդվի՝ «ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության», Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ Իրանի հոգևոր առաջնորդին հղած ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նա ընդգծել է երկու երկրների հանձնառությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ կարևորելով առկա մարտահրավերները «համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. - «Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։