«Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին առնչվող աղմկահարույց բացահայտումից մոտ տասն օր անց քրեական գործ չի հարուցվել: Դատախազությունից միայն նշում են, թե լրագրողների հրապարակումը դեռ ուսումնասիրում են:
Թափանցիկ գործելաոճը խրախուսող վարչապետ Փաշինյանը թեև ծանոթ է իր ղեկավարած կուսակցության վերաբերյալ հետաքննությանը, բայց երկու օր առաջ խորհրդարանի ամբիոնից որևէ պարզաբանում չներկայացրեց՝ ինչպե՞ս են Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կասկածելի ծագման գումարներ փոխանցվել կուսակցության հաշվեհամարին: Այս եզրակացությանն էին հանգել «Ինֆոքոմի» լրագրողները՝ ուսումնասիրելով նվիրատուների ցուցակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունն ուսումնասիրում է ՔՊ-ին անհայտ ծագման աղբյուրներից գումարներ փոխանցելու հրապարակումը«Ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկել ենք այդ իրավիճակներն ու իրադրությունները և, բնականաբար, մտադիր ենք նաև պարզաբանել և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը և ինչը ինչի համար է տեղի ունեցել», - նշել է Փաշինյանը:
Ըստ հետաքննության հեղինակների՝ բացի նրանից, որ քաղաքացիների անունից են անհայտ ծագման փոխանցումներ իրականացվել, նաև իշխանության հետ փոխկապակցված գործարարներին պատկանող ընկերությունների աշխատակիցներն են 2.5 միլիոն դրամ տվել ՔՊ-ին քարոզչական ծախսերի համար: Լրագրողների տեղեկություններով, սակայն փոխանցված գումարները հենց այդ ընկերություններին էլ պատկանում են, պարզապես իշխող կուսակցությանը նվիրատվություն անելու համար բաժանվել են մարդկանց: Սրան ևս վարչապետը չանդրադարձավ: Փոխարենը պնդեց, թե «իրենց թափանցիկության շնորհիվ են այդ տվյալները հասանելի դարձել»:
«Կներեք, հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն, հետախուզական ծառայություններն են հայտնաբերե՞լ: Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություն է: Բա թափանցիկությունը պոզով-պոչով է լինո՞ւմ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուների ցուցակը մինչ այժմ որևէ պաշտոնական կայքում հրապարակված չէ: Ավելին՝ կուսակցությունը ամիսներ շարունակ մերժել է դրանք տրամադրելու լրագրողների հարցումները։ Իսկ ցուցակը փոխանցվել է միայն, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել է դատարան։
«Այս ամիսների ընթացքում փորձ է արվել կապվել նրանց հետ, համոզել, բացատրել, որ այս տեղեկությունները չեն կարող գաղտնի պահվել ու նախընտրական ու հետընտրական փուլերում, փաստացի, կուսակցությունը չի տրամադրել այս տեղեկությունները: Սակայն անմիջապես, երբ դիմեցինք դատարան դեկտեմբերի սկզբին, հունվարի սկզբին մեզ հետ կապվեց նրանց ներկայացուցիչը և պատրաստակամություն հայտնեցին անմիջապես տրամադրել՝ առաջարկելով համաձայնություն», - ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Հետաքննության հեղինակները ևս հակադարձում են վարչապետին և հիշեցնում՝ նվիրատուների ցանկն իրենց տրամադրվել է ընտրություններից շուրջ 5 ամիս անց՝ այն էլ դատական գործընթացից հետո։
Մինչ այդ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ կուսակցության գրասենյակից անգամ չէին հիմնավորում, թե ինչո՞ւ էին հարցումները մնում անպատասխան:
«Որպեսզի նրանք խուսափեն բացասական դատական ակտ ունենալուց շտապեցին կատարել օրենքի պահանջը», - նշեց Դոյդոյանը:
«Կուսակցության հիմնադրման օրվանից մենք որդեգրել ենք հետևյալ գաղափարը, որ եթե մեզ պետք է գտնել ոչ թե մի հոգու, որ մեզ կտա 1000 դրամ, այլ մեզ հարկավոր է գտնել 1000 հոգու, որ մեզ կտա 1 դրամ», - Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր հենց այդ նույն դրամահավաքի օրը, երբ 140 մարդ «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցել է թույլատրելի առավելագույն 2.5 միլիոն դրամը:
Ըստ «Ինֆոքոմ»-ի՝ գումարի հիմնական մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում:
Ընտրական ոլորտի փորձագետ Վարդինե Գրիգորյանի գնահատմամբ՝ հետաքննությունից ակնհայտ է՝ կուսակցությանը գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մեխանիզմ է գործել: Այդ տարբերակով էլ իշխող ուժն ստացել է գումարների գերակշիռ մասը։
«Ակնհայտ է, որ մարդիկ, ում հետ որ հարցում է իրականացվել, տեղեկացված չեն եղել, որ իրենք նվիրատվություն են կատարել, կամ նույնիսկ, եթե տեղեկացված են եղել, ակնհայտորեն ոչ իրենց գումարներին են փոխանցվել, ինչը նշանակում է՝ ուղղակի իրենց անունով ձևակերպվել են գումարները, ինչը նշանակում է Քրեական օրենսգիրքի 232 հոդվածի խախտում», - ասաց Գրիգորյանը:
Հրապարակման առնչությամբ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն» ու «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն: Այդուհանդերձ ընտրական ոլորտի փորձագետ Վարդինե Գրիգորյանը թերահավատ է, որ իրավապահ կառույցը լիարժեք և օբյեկտիվ քննություն կիրականացնի: