Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազային, հաղորդվում է առնվազն 15 զոհի մասին

Իսրայելական ուժերը ուրբաթ օրը մահացու ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին, որի հետևանքով, ըստ պաղեստինցի պաշտոնյաների, առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8-ը Ռաֆահում, որը վերջին ապաստանն է իրենց տները լքած հազարավոր բնակիչների համար։

Պաղեստինցի անկախ լրագրող Սալեմ Էլ-Ռայեսը, որը բնակվում է տեղահանվածների ճամբարում, «Ռոյթերզ»-ին պատմել է, որ զոհերի թվում նաև երեխաներ կան։

Օդային հարձակումները հաջորդում են Իսրայելի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոշտ քննադատությանը։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ «ակտիվ փորձում է հասնել «Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի՝ պատանդների ազատ արձակման դիմաց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կրկին հայտարարել է, որ Գազայում մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չի ոչնչացվել «Համաս» խմբավորումը, որն ԱՄՆ-ն և ԵՄ-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 27 հազար 947 պաղեստինցի է զոհվել հոկտեմբերի 7-ին մեկնարկած ռազմական գործողություններից ի վեր, որոնցից 107-ը նախորդ 24 ժամվա ընթացքում, վիրավորների թիվը ավելի քան 67 հազար է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետը մերժել է Գազայում հրադադարի մասին «Համաս»-ի առաջարկը