Բրյուսելյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ հստակություն չկա, Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը և Ալիևի համաձայնությանը դրան, ես չգիտեմ, որքանով է դա այս պահին հողի վրա ռեալ։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը ևս կողմ է բանակցությունների վերսկսմանը այդ ձևաչափերով, քանի որ Հայաստանի Հանրապետության օրակարգում առաջնայինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է», - ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե համաձայնեցված երեք սկբունքները վերահաստատելու հարց արդյո՞ք պետք է դրվի, պատգամավորը պատասխանեց․ - «Մեր կողմից հռչակված նաև համաձայնեցված երեք դրույթները վերահաստատման որևէ կարիք չունեն։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, այդ դիրքորոշումը համաձայնեցվել է՝ տարբեր ձևաչափերով, և ես կարծում եմ, որ առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերահաստատմանը։ Մենք խոսում ենք, ըստ էության, սկզբունքների մասին, որոնք ցանկացած անկախ սուվերեն պետության համար պետք է առաջնային լինեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքու ուղարկված խաղաղության պայմանագրի վերջին տարբերակում կրկին տեղ են գտել մեզ համար սկզբունքային դրույթները»․ Խանդանյան
Երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ նաև քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը։ Ապա X-ի իր էջում Միշելը գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով․ - «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։
Անցած տարեվերջին Բաքուն հայտարարեց, թե վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում, միևնույն ժամանակ շեշտելով՝ ընդունել է բրյուսելյան ձևաչափով բանակցությունների շարունակությունը։
Բրյուսելից արձագանքեցին՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը պետք է գործով ապացուցի։
«Տպավորություն է, ասես Գրանադայի հանդիպումից հետո, որին Իլհամ Ալիևը չմասնակցեց, մենք կորցրել ենք հաջողության հասնելու պահը», - հայտարարել էր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն աշխատում է Բաքվի և Երևանի հետ՝ հաջորդ հանդիպումը Բրյուսելում անցկացնելու համար․ Trend