Ռուսաստանն ու Ուկրաինան երեկ գերիներ են փոխանակել «100-ը 100-ի դիմաց» սկզբունքով, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական գերատեսչությունից ասել են, որ ուկրաինական գերությունից 100 ռուս զինվորական է վերադարձել, Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդություն են ցուցաբերել։
Ավելի ուշ գերիների նոր փոխանակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվս 100 ուկրաինացի վերադարձել է հայրենիք։ Ազգային գվարդիա, սահմանապահներ, Ուկրաինայի զինված ուժեր։ Մեծամասնությունը Մարիուպոլի պաշտպաններն են», - Տելեգրամի իր էջում գրել է Զելենսկին՝ կից նաև լուսանկարներ հրապարակել։
Վերջին անգամ Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել այս տարվա հունվարի վերջին՝ ռուսական օդանավի կործանման միջադեպից մեկ շաբաթ անց։ Օդանավում գտնվող բոլոր 74 մարդիկ զոհվել են, նրանցից 65-ը ուկրաինացի ռազմագերիներ էին, որոնց փոխանակման նպատակով տեղափոխում էին Բելգորոդ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիներ փոխանակեցին՝ չնայած մեկ շաբաթ առաջ ռուսական օդանավի կործանման միջադեպին