Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն է ստացել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս թիվը հրապարակեց քվեների 93 տոկոսի հաշվարկի արդյունքում։
Իլհամ Ալիևը ևս 7 տարի կղեկավարի երկիրը։ Իշխանության 20 տարիների ընթացքում նա 5-րդ անգամ մասնակցելով նախագահական ընտրություններին այս անգամ անձնական ամենաբարձր ռեկորդը սահմանեց՝ նախորդող բոլոր ընտրություններում նա ձայների 85 տոկոսից քիչ չէր ստացել, բայց 90 տոկոսի շեմը չէր անցել։
Իշխանական ճամբարից ընտրություններին մասնակցած մյուս վեց թեկնածուներից ամենաշատը ձայն են ստացել 2 տոկոսի սահմաններում։
Ընտրողների մասնակցությունն աճել է 76 տոկոս։
«Թեև ընտրությունների նախապատրաստությունը պրոֆեսիոնալ էր, այն չուներ իսկական բազմակարծություն»
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը այսօր հայտարարել է, Ադրբեջանում նախագահական ընտրությունները անցկացվել են քաղաքական իրական այլընտրանքի բացակայության սահմանափակ պայմաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների՝ Ադրբեջանում ընտրություններն անցել են լուրջ թերություններով«Առաջին ընտրություններն էին, որոնք անցկացվեցին Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, մի խնդիր, որը գերիշխում էր քարոզարշավում և արձագանքում էր հանրային տրամադրություններին: Թեև ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ էր, այն չուներ իսկական բազմակարծություն, և քննադատական ձայները շարունակ խեղդվում էին:
Հավաքների և արտահայտվելու ազատությունների երկարատև սահմանափակումները ամրապնդվեցին օրենսդրական վերջին փոփոխություններով և հանգեցրին միջազգային ժողովրդավարական չափանիշներին չհամապատասխանող օրենսդրության», - նշված է միջազգային դիտորդների հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լցոնումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ Ադրբեջանում ընտրություններ ենԻրավապաշտպան խմբերը ընտրությունները գնահատում են ոչ մրցակցային և ոչ ազատ։
Ընդդիմադիր «Ազգային խորհուրդը», քննադատելով արդյունքները, հայտարարել է, որ ընտրողները համակարգված պարտադրանքի են ենթարկվել։ «Կրթական համակարգից մինչև պետական ու մասնավոր ոլորտներ վարչական ռեսուրսներ են կիրառվել», - նշել է ընդդիմադիր դաշինքը, հավելելով, որ կազմակերպվել է նաև «կարուսելային քվեարկություն»:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը՝ «Մուսաֆաթ» կուսակցությունն ու «Ժողճակատը» բոյկոտել էին և չմասնակցեցին ընտրություններին։ «Ժողճակատն» այսօր հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները։
«Իրական ընտրություններ չեն եղել, քանի որ այն անցկացվել է առանց մրցակցության, ազատությունները ամբողջովին սահմանափակված էին, քվեարկությունը տեղի է ունեցել վախի, սպառնալիքների և վարչական ահաբեկչության պայմաններում, իսկ հայտարարված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն»,- հայտարարել է «Ժողճակատը»։
«Խանքենդի քվեարկությունը քաղաքական և սիմվոլիկ մեծ նշանակություն ունի»
Չնայած Բաքվի գրանցմանը, Ադրբեջանի նախագահի Ստեփանակերտում կատարած քվեարկությունը ամեն ինչ ասաց, թե Ադրբեջանում ինչու արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Դեռ մինչև անցած աշունը այդ շենքում ուրիշ նախագահ էր նստում՝ Ադրբեջանից դե ֆակտո անջատված Լեռնային Ղարաբաղի առաջնորդը։
Անցած սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից, ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանվելուց մի քանի ամիս անց Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց, որպեսզի առաջին անգամ քվեարկությունը տեղի ունենա ամբողջ Ադրբեջանում, ներառյալ Բաքվի վերահսկողությանը անցած տարածքներում։
Այդ տարածքներում 26 ընտրական տեղամաս էր բացվել։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները լուսանկարներ, տեսանյութեր էին հրապարակում Ղարաբաղում անցկացվող քվեարկությունից, այդ թվում՝ Ստեփանակերտից, որտեղ քվեարկեց Ալիևը։
Այսօր Ալիևը, ընդունելով Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությանը, ասել է՝ թե «Խանքենդի քվեարկությունը քաղաքական և սիմվոլիկ մեծ նշանակություն ունի»։
2003 թվականին իր հորից իշխանությունը ժառանգելուց հետո Իլհամ Ալիևը խեղդել է այլախոհությունը, ճնշել քաղաքական ընդդիմությանը և խիստ սահմանափակել լրատվամիջոցների ազատությունները։ Ընտրություններին նախորդած մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանում ձերբակալվեցին անկախ մնացած եզակի լրատվամիջոցների լրագրողներ և քաղհասարակության ակտիվիստներր։
Ալիևին շնորհավորել են պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները հաղորդում են տարբեր երկրներից հրավիրած դիտորդների դրական գնահատականները, բարեկամ ու գործընկեր երկրների առաջնորդների շնորհավորանքները։
Իլհամ Ալիևին շնորհավորել են նաև պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները։
Վլադիմիր Պուտինը հեռախոսով և հեռագրով ջերմորեն շնորհավորել է Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցում նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների դաշնակցային ու ռազմավարական գործընկերությունը տարբեր ոլորտներում ապագայում ևս կզարգանան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալիևին շնորհավորել է սոցցանցում արած գրառմամբ։ «Բարձր եմ գնահատում փոխադարձ աջակցությունը մեր երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին հումանիտար և այլ օգնության համար՝ մեր երկրի ազատագրական պայքարի շրջանում», - X սոցցանցում գրել է Զելենսկին։