Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողության ընթացքում ձերբակալված 71 պաղեստինցիների՝ այդ թվում 19 կնոջ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ հղում անելով Գազայի իշխանություններին։
Թե ինչ պայմանավորվածության շրջանակներում է տեղի ունեցել ձերբակալվածների ազատ արձակումը, չի հաղորդվում։
Իսրայելը և պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, բանակցություններ են վարում զինադադարի և իսրայելցի պատանդների վերադարձի շուրջ, որոնք ջիհադիստների կողմից գերեվարվել են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում հարձակման ժամանակ:
Reuters-ը, վկայակոչելով Գազայի հատվածում հրադադարի ծրագիրը, որն առաջարկել էին «Համաս»-ի ներկայացուցիչները, նշում է, որ այն բաղկացած է երեք փուլից՝ իսրայելական պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ, Գազայի հատվածի վերականգնում և իսրայելական զորքերի դուրսբերում, ինչպես նաև դիակների փոխանակում: Պաղեստինցիները նաև առաջարկում են դադարեցնել ռազմական գործողությունները առնվազն չորսուկես ամսով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է «Համաս»-ի առաջարկած ծրագիրը։ Նեթանյահուն ևս մեկ անգամ ասել է, որ Գազայում մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ջիհադական խմբավորումն ամբողջությամբ չի ոչնչացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետը մերժել է Գազայում հրադադարի մասին «Համաս»-ի առաջարկը