Սպիտակ տունը դեմ է Իսրայելին օգնություն տրամադրելուն՝ առանց Ուկրաինայի համար բյուջեի

ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի օրինագծին, որը վերաբերում է Իսրայելին օգնությանը առանց Ուկրաինային լրացուցիչ բյուջեի տրամադրմանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Շաբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտնել է, որ Իսրայելին 17,5 միլիարդ դոլարի օգնության օրինագծի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

«Տարածաշրջանում մեր ամենամոտ դաշնակցին և մեր ուժերին աջակցելու անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել»,- նշել է նա։

Սենատը չի համաձայնում Ջոնսոնի առաջարկությանը։ Սպասվում է, որ Սենատը կներկայացնի իր օրենսդրական փաթեթը, որը կներառի ռազմական օգնություն ոչ միայն Իսրայելին, այլև Ուկրաինային, ինչպես նաև առաջարկներ՝ ուժեղացնելու ԱՄՆ-ի սահմանը Մեքսիկայի հետ։ Սենատը նախատեսում է իր օրինագծում ներառել նաև Թայվանին տրամադրվող օգնությունը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Կոնգրեսին 106 միլիարդ դոլար օգնություն հատկացնել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին և ապահովել երկրի հարավային սահմանի անվտանգությունը անցյալ տարվա հոկտեմբերին։ Որոշումն այդպես էլ չի ընդունվել։