Ռուսաստանի պաշտոնյաներին այս տարի էլ չեն հրավիրում Մյունխենի անվտանգության համաժողովին

Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգեն, արխիվ

Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը հայտնել է, որ այս տարվա փետրվարի 16-18-ը կայանալիք ֆորումին Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները չեն հրավիրվել:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը լուրջ պատրաստակամություն չի դրսևորում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»։

«Դրա համար էլ մենք ասացինք, որ հրավիրում ենք ոչ թե Ռուսաստանի կառավարությանը, այլ Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին», - ասել է Հոյսգենը DPA գերմանական լրատվական գործակալությանը:

Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլայստի նախաձեռնությամբ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում»:

Դա ամենամյա միջցառում է: 1999 թվականից դրան սկսել են մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները և բիզնեսի ներկայացուցիչները։

Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:

Ռուսաստանը ֆորումին մասնակցել է 1990-ականների վերջից։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն հրավիրվել նաև 2023 թվականի ֆորումին: