Վաշինգտոնի մատակարարումները Կիևին, ըստ Պեսկովի, չեն ազդի «հատուկ ռազմական օպերացիայի» վրա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Վաշինգտոնի մատակարարումները Կիևի ռեժիմին ոչ մի կերպ չեն ազդի «հատուկ ռազմական օպերացիայի» վրա: Դրանք միայն ավելի շատ ցավ են պատճառում հենց ուկրաինացիներին: Այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարը վարող թղթակից Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Զարուբինը Telegram-ի իր ալիքում այսօր հրապարակել է հաղորդման մի հատված։

«Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա, այո, Միացյալ Նահանգները, լինելով այս հակամարտության անմիջական մասնակիցը, պահպանելով և մեծացնելով անմիջական ներգրավվածությունը, հրահրում է Կիևի ռեժիմին պատերազմը շարունակելուն, բայց դա ոչ մի կերպ չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի և արդյունքի վրա: Բոլոր նպատակները կկատարվեն», - պնդել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ամերիկացիներն ավելի շատ ցավ են պատճառում ուկրաինացիներին, և ամերիկացիների պատճառով ավելի շատ ուկրաինացիներ են զոհվում:

«Դա պետք է հասկանան ամերիկացիները», - ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերն այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության համար ռազմի դաշտում շուտով կլինեն անակնկալներ»։