Ֆրանսիայի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավարներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվական վարչության

Ֆրանսիայի զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները երեկ այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։

Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը։

Քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Նույն օրը պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության շրջանակում նախատեսված է նաև անձնակազմի կրթության, նախապատրաստության, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքըԵրևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին