Պապիկյան. «Ունենք առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում, արխիվ

Սահմանում իրավիճակը հարաբերական կայուն է, այսօր Հանրայինի եթերում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է սահմաններում:

«Այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն: Այս պահին կուտակումներ չկան, և վերջին ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել նույն կերպ, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում», - ասաց Պապիկյանը:

«Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են մեր հիմնական գործընկերները»

«Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են մեր հիմնական գործընկերները, բայց նաև կան այլ երկրներ, որոնց չեմ ուզենա անդրադառնալ», - ասաց նախարարը՝ անդրադառնալով զենք-զինամթերքի ձեռք բերման գործընթացին:

Պապիկյանը նշեց՝ երբ 2022 -ի սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան և ունեն Էական առաջընթաց և հաջողություններ այս հարցում:

«ՀՀ-ը որևէ երկրի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»

«Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի, որևէ տարածքային պահանջ չունի, և մեր զինված ուժերի նպատակը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է», - ընդգծեց նախարարը:

«Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք»

«Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք, դա ցույց է տալիս այն հանգամանքը, որ շատերը փորձում են զարտուղի ճանապարհով խուսափել զինծառայությունից», - անդրադառնալով զորակոչի խնդիրներին, ասաց Պապիկյանը, ընդգծելով, որ այդ հարցին անդրադարձել է վարչապետը:

«Կան հանձնարարականներ բոլոր պատկան մարմիններին՝ այդ հարցով զբաղվելու համար», - հավելեց նա: