Պտղաբերության, մայրության աստվածուհին, ոսկեմայր Անահիտը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան կգա. Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթն է նախապատրաստում Բրիտանական թանգարանի հետ: Այստեղ պահվում են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, երկուսն էլ կգան։
Բրիտանական թանգարանի մամուլի բաժնից էլ են հաստատում՝ համաձայնությունը կայացած է։
Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Բրիտանական թանգարանի կայքից տեղեկանում ենք՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870 ականներին։ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Կայքից տեղեկանում ենք՝ Անահիտը պարբերաբար միջազգային ցուցադրությունների է ուղևորվում։
Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը շեշտում է՝ աստվածուհին հատուկ՝ «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության շրջանակում է տեղափոխվելու: Այստեղ նա կմիանա Պատմության թանգարանում պահվող իր նման արձանիկներին, մայրության թեմայով բացառիկ նմուշներ կան թանգարանում։ Անահիտը կցուցադրվի նրանց հետ ու կհեռանա։ Արձանի տեղափոխման փաստաթղթերի փաթեթում պարտադիր է պետության այդպիսի երաշխիքը։
Ուղիղ 12 տարի առաջ Անահիտի բրոնզե կիսանդրին էին պահանջում մի խումբ երիտասարդներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երիտասարդները պահանջում են ետ վերադարձնել Անահիտի արձանըԿրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանն էր այդ շարժումը նախաձեռնել, աստվածուհուն մշտապես Հայաստան տեղափոխելու հույսով։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր ընդունել ցուցարարներին, ասել՝ ժամանակավոր ցուցադրություն հնարավոր է։
Ի դեպ՝ Բրիտանական թանգարանում Անահիտը հայկական անձնագիր չունի՝ հելենիստական շրջանի Սաթալայի Աֆրոդիտեն է։ Որ նա հենց աստվածուհի Անահիտն է՝ գիտական շրջանակները հիմնավորում են հանգամանքով որ գլուխն ու ձեռքը գտնվել են այն վայրից, որտեղ դիցուհու գլխավոր տաճարն էր։
Պատմության թանգարանն այժմ Լոնդոնի գործընկերոջ հետ գլխավոր համագործակցողն է։ Համատեղ ցուցադրությունների փորձ ունեն՝ նախորդ տարվա մայիսին Բրիտանական թանգարան էին ուղևորվել մեր թանգարանի մի քանի գանձեր։
Պատմության թանգարանի տնօրենը կարևոր է համարում, որ աշխարհի տարբեր անկյուններից գանձեր են հավաքվում մեկ ընդհանուր թեմայի ներքո։ Ինչպե՞ս Անահիտը կգա՝ հայաստանյան մայրության ցուցադրությանը։ Այժմ թանգարանը պիտի նաև պայմաններ ստեղծի Աստվածուհու համար:
Դիցուհու հայաստանյան ճամփորդությունը հավանաբար սեպտեմբերին կլինի։ Ցուցադրության հարմար միջավայրից բացի նրան շատ բան պետք չէ։ Բրիտանական կայքէջից տեղեկանում ենք՝ երբեմն մաքրել փափուկ խոզանակով։