«Պատվաստանյութ ստացած երեխաները 98 տոկոս պաշտպանված են հիվանդությունից». Հայաստանը կարմրուկով վարակվածության երկրների տասնյակում է

Ներկայանալ չցանկացող մեր զրուցակցի երեք երեխաներն իրար հերթ չտալով վարակվել են կարմրուկով: 3 ու 6 տարեկան երեխաներն այս պահին հիվանդանոցում են, տղան երկկողմանի թոքաբորբ ունի:

Ինքը դեմ է եղել պատվաստմանը, բայց 6 ամսական փոքրիկի վարակվելուց հետո, որոշել է մյուս երկուսին պատվաստել: Առաջին դեղաչափն ընդունելուց շատ չանցած՝ վարակվել են:

Բժիշկներն ասում են՝ որովհետև պատվաստվելուց հետո օրգանիզմին 10-15 օր է հարկավոր, որպեսզի հակամարմիններ առաջանան ու պաշտպանված լինի:

Եվրոպական տարածաշրջանում, կարմրուկով վարակվածության երկրների տասնյակում Հայաստանն 8-րդն է: Ըստ ԱՀԿ-ի՝ նախորդ տարի Հայաստանում սուր վարակիչ այս հիվանդության 518 դեպք է արձանագրվել։ Ցուցակն առաջնորդում են Ղազախստանն ու Ռուսաստանը, իսկ վերջին տեղում Միացյալ Թագավորությունն է:

Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել կարմրուկի համաճարակի տասնյակում

Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել կարմրուկի համաճարակի տասնյակում, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը թեև մտահոգիչ է համարում այս տվյալները, այդուհանդերձ ընդգծում է՝ այս հիվանդությունը սրընթաց է տարածվում:

«Որպեսզի դեպքեր բաց չթողնենք, որպեսզի նրանք բնակչության մեջ ազատ չշրջանառվեն ու վիրուսը չտարածվի, ցանկացած ցան դիտարկվում է որպես կարմրուկ և կարմրուկի նկատմամբ լաբորատոր հետազորություն է իրականացվում: Դեպքեր բաց չենք թողնում: Եթե մենք յուրաքանչյուր ցան չդիտարկեինք որպես կարմրուկ, հնարավոր է և դեպքերը բաց թողնեինք», - նշեց Սահակյանը:

ԱՀԿ-ն հրապարակել է նախորդ տարվա մարտից մինչև նոյեմբեր ամսվա տվյալները, դրանից հետո ևս 68 դեպք է Հայաստանում գրանցվել: Կարմրուկի բռնկման ամենամեծ թիվը Հայաստանում արձանագրվել է 2004-2006-ին, երբ ավելի քան 4600 մարդ էր վարակվել։ Դրանից հետո Հայաստանն անցել է մասսայական պատվաստումների, թիվը նվազել է, ավելի քան 16 տարի անց հիվանդությունը նորից գլուխ է բարձրացրել, չնայած պաշտոնյան պնդում է, վերջին տարիներին կարմրուկի դեմ պատվաստումների 95 տոկոսն ապահովել են։

«Ամբողջ 2023 թվականին ավելի քան 40 հազար չպատվաստված անձի պատվաստում է իրականացվել: Այստեղ միանշանակ իրենց դերը կատարում են տարիները, այսինքն, տեղական դեպքերի բացակայությունը, բերովի դեպքերը, 2023-ի մեր այս լոկալ բռնկման ժամանակ մենք ունեցել ենք 38 կարմրուկի բերովի դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ առաջին տասնյակում չկա Վրաստանը, բայց մի շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք մենք, մեր 38 դեպքից 7-ը բերովի դեպք է հենց Վրաստանից», - ասաց ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալը:

Իսկ ինչպե՞ս են ԱՀԿ-ի տասնյակում չհայտնված երկրները պայքարում կարմրուկի համաճարակի դեմ: Գայանե Սահակյանը Գերմանիայի օրինակը բերեց, որտեղ պատվաստումները պարտադիր են, հրաժարվող ծնողները տուգանվում են ու զրկվում պետական տարբեր արտոնություններից և ոչ միայն, իսկ Հայաստանում պատվաստումները պարտադիր չեն:

Կարմրուկն, առհասարակ, սկզբնական շրջանում հարբուխի ու գրիպի է նման, մասնագետներն ասում են՝ այն բացահայտվում է, երբ արդեն հիվանդի մարմինը ցանավորվում է: Իսկ ցանից 4 օր առաջ ու հետո հիվանդը համարվում է սուր վարակիչ:

«Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած երեխաները 98 տոկոս պաշտպանված են հիվանդությունից»

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Հռիփսիմե Հարությունյանն այս պահին կարմրուկով հոսպիտալացված փոքրիկների է բուժում: Տարեցները, ուղեկցվող հիվանդություն ունեցողներն ու փոքրիկներն այս հիվանդության թիրախում են: Ասաց՝ իր պացիենտները կամ պատվաստված չեն, կամ էլ հասցրել են միայն 1 դեղաչափը ստանալ: Իսկ տարածված կարծիքը, թե կարմրուկ է, կհիվանդանան, կանցնի՝ բժշկի համար անընդունելի է:

«Ունենում ենք նաև կարմրուկի շատ բարդ ընթացքներ, դրանք էնցեֆալիտներն են, թոքաբորբերը: Իհարկե, դրանք բոլորը վիրուսի հետ պայմանավորված կարող են ունենալ նաև շատ ծանր ընթացք: Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած երեխաները 98 տոկոս պաշտպանված են հիվանդությունից», - ընդգծեց Հարությունյանը:

Կարմրուկի դեմ երեխաների պատվաստումը կատարվում է 1 իսկ, երկրորդ դեղաչափը՝ 4-6-տարեկանում: Իսկ այն մեծահասակները, որ չեն հիշում՝ պատվաստվել են, թե՝ ոչ, մասնագետները խորհուրդ են տալիս գոնե մեկ դեղաչափ ստանալ:

Բժիշկը հիշեցնում է՝ ականջի բորբոքումը, աչքերի բորբոքումը, թոքաբորբը, սուր քորով ուղեկցվող մարմնի ցանը բարդ հաղթահարելի է հիվանդի, հատկապես երեխայի համար: Անցած տարի Հայաստանում մեկ երեխա է մահացել կարմրուկի բարդություններից:

Հիվանդության ծանր հետևանքն, ըստ Գայանե Սահակյանի, ուղեղի բորբոքումն է՝ էնցեֆալիտը: Մասնագետները հիշեցնում են՝ եթե մինչև վիրուսով վարակվելը մարդը պատվաստված է եղել որևէ հիվանդության դեմ, կամ վարակվել է ու բնական իմունիտետ էր ձեռք բերել՝ կարմրուկի վարակը դրանք զրոյացնում է:

«Կարող է այլ վարակիչ հիվանդությունով վարակվել, այլ խնդիր ունենալ և դարձյալ ծանր ելք գրանցվել», - նշեց Սահակյանը:

Չնայած ՀՎԿԱԿ-ից պնդում են, որ երկրում կարմրուկի դեմ պատվաստումների 95 տոկոսն ապահովված է՝ ինչպես պահանջում է ԱՀԿ-ն, այդուհանդերձ բժիշկ Հարությունյանը շարունակում է ընդունել չպատվաստված կամ թերի պատվաստված վարակակիրների: