Ադրբեջանի օրակարգում Հայաստանի նոր զիջումներն են կամ պատերազմը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի օրակարգում Հայաստանի նոր զիջումներն են կամ պատերազմը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

«Ազատություն». - Երևանն ու Բաքուն երեկվա հանդիպման մասին միայն հաղորդել են, որ այն կայացել է: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանագծման հարցով այդ հանձնաժողովը որևէ առաջընթաց չի՞ գրանցել, համաձայնություն ձեռք չի՞ բերվել:

Աբրահամյան. - Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թերևս բարդագույն մասը կամ դրույթը վերաբերում է սահմանների դելիմիտացիա-դեմարկացիային: Եթե հաշվառենք այն հայտարարությունները, որոնք հնչում են պաշտոնական Բաքվից ու որոնք հնչում են Երևանից, դրանք ակնհայտ են դարձնում, որ նվազագույնը սկզբունքների առումով, ու առաջին հերթին դրանք քարտեզներն են, որոնք պետք է իրականացվի այդ սահմանազատման, սահմանագծման գործընթացը, Բաքվի ու Երևանի միջև կա բավականին խորը հակասություն: Երբ որ սրան գումարում ենք նաև վերջին 1-2 ամսվա ընթացքում Ադրբեջանից հնչող բավականին խնդրահարույց հայտարարություններն ու կոշտացող բառամթերքը, ոմանք կապում են նախընտրական քարոզարշավի հետ, բայց ես այդքան էլ դրանով չեմ պայմանավորում, ապա պատկերն այստեղ ավելի ամբողջական է դառնում: Տեղից այս գործընթացը բավականին երկարատև է այդ սահմանների հետ կապված, իսկ այսօրվա քաղաքական բարդ տարաձայնությունների համատեքստում, բնականաբար, դա կարող էր նաև այսպիսի ելք ունենար:

«Ազատություն». - Իրականում ի՞նչ է ուզում Ալիևը, երբ վկայակոչում է ինչ-որ 40-ականների քարտեզ, որով, ըստ իրեն, Երևանն էլ է Ադրբեջան:

Աբրահամյան. - Ադրբեջանի ասածը նույնիսկ այն չէ, թե ինչ է եղել 40-ականներին, կամ դրանով արդյոք Երևանը եղել է Ադրբեջան, միանշանակ չի եղել: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն առաջ է քաշում տարբեր քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու պրոցես, ինչը մոտավորապես, եթե շատ պարզ լեզվով ասենք, հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է մեկ քարտեզով ստանալ բնակավայրեր, մեկ այլ քարտեզում՝ այլ բնակավայրեր, իր համար ունենա քաղաքական, աշխարհագրական տեսանկյունից շահեկան վիճակ: Բայց աշխարհում չկա նմանատիպ պրակտիկա, նախադեպ, բնականաբար, կան որոշակի գոնե ընդհանուր միջազգային սկզբունքներ, որոնց հիման վրա տարբեր երկրներում տեղի է ունենում, որոնք, բնականաբար, որևէ կերպ առնչություն չունեն ադրբեջանական մոտեցումների հետ:

«Ազատություն». - Այսինքն՝ շտապե՞լ էր վարչապետը, երբ ասում էր, որ կա ըմբռնում Խորհրդային Միության վերջին քարտեզի շուրջ:

Աբրահամյան. - Ալիևը 2020 թվականին եռակողմ փաստաթուղթ էր կնքում, որին նաև Ռուսաստանն էր մասնակից, բայց ինչպես տեսնում եք այդ փաստաթղթում ամրագրված հատկապես Արցախին վերաբերող հատվածը որևէ ձևով չի աշխատել, որովհետև այնտեղ հստակ խոսվում էր, թե ինչպես պետք է անվտանգության ապահովվի, ինչ ձևով, ինչ ճանապարհով և այլն, բայց այն մարդիկ, ովքեր պետք է Արցախում ապրեին, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են: Այսինքն՝ այս պարագայում այն, ինչ որ Պրահայում խոսել են, բնականաբար, նույնիսկ դա չուներ այնքան լրջություն, որքան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց մենք տեսանք, որ նույնիսկ այդ փաստաթուղթը, որը ստորագրվել է ու Ռուսաստանի մասնակցությամբ է ստորագրվել, նույնիսկ դա կյանքի չի կոչվում: Ըստ էության, նաև լուրջ սպառնալիք կա առ այն, որ եթե Հայաստանը չընդունի ադրբեջանական խաղի կանոնները, ապա կարող է կրկնվել 44-օրյա պատերազմը:

«Ազատություն». - Դա միայն սպառնալի՞ք է, շատերն են կանխատեսում այս տարի ռազմական գործողություններ:

Աբրահամյան. - Իհարկե, հավանականությունը բավականին մեծ է, և դա առաջին հերթին պայմանավորված է Հայստան-Ադրբեջան բանակցային գործընթացում ստեղծված բավականին ծանր իրավիճակով, որը, բնականաբար, այսպիսի իրավիճակում կարող է բերել նոր մարտական գործողությունների կամ դրանց վերսկսմանը: Համենայն դեպս դրա հավանականությունը շատ ավելի մեծ է, քան պայմանականորեն 2-3 ամիս առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.