Իրավապահներն այսօր Էկոնոմիկայի նախարարության իր աշխատասենյակից տարել են երեկ աշխատանքից ազատված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին, տեղեկությունը հաստատեց գերատեսչության մամլո քարտուղարը։
Նախարարությունում առավոտից սկսված քննչական գործողություններն այս պահին ավարտվել են։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց նախկին փոխնախարարի ձերբակալության տեղեկությունը։ Նա հայտնեց, որ այսօր երկու քրեական գործերով խուզարկություններ են սկսվել 15 վայրերում` Էկոնոմիկայի նախարարությունում, մի շարք անձանց բնակարաններում։
«Անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ են իրականացվում Քննչական կոմիտեի քննիչների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից», - տեղեկացրեց Աբրահամյանը։
«Ազատության» տեղեկություններով այս երկու քրեական գործերով էկոնոմիկայի նախկին փոխնախարարից բացի, ձերբակալվել է նաև գերատեսչության վարչության պետերից մեկը։