Հունվարի 29-ի երեկոյան ուկրաինական որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հայտարարություններից ժամեր անց, սակայն, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը։
«Հարգելի լրագրողներ, մենք անմիջապես պատասխանում ենք բոլորին՝ ո՛չ, դա ճիշտ չէ», - ասել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը "Украинская правда"-ին տված մեկնաբանությունում ասել է, որ նախագահը Զալուժնիին չի ազատել աշխատանքից։
Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ավելի վաղ Տելեգրամում գրել էր․ - «Զալուժնին տեղեկացվել է այդ մասին։ Հրամանագիր չկա։ Նրան առաջարկվել է դեսպանի պաշտոնը եվրոպական երկրներից մեկում։ Նա հրաժարվել է»։
"Интерфакс-Украина"-ն, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ Զալուժնիի հրաժարականը համաձայնեցվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Լրագրող Ռոման Ցիմբալյուկն ու "Цензор.нет"-ը հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է նշանակվել Կիրիլ Բուդանովը՝ Հետախուզության գլխավոր վարչության պետը։
Զելենսկու և Զալուժնիի միջև տարաձայնությունների մասին առաջին հաղորդումները դեռ 2022 թվականի ամռանն էին։ 2023 թվականին, երբ հակամարտությունը սրվեց, մասնավորապես, ամառային հակահարձակման ժամանակ Ուկրաինայի ձախողումների պատճառով, Զալուժնինը հարցազրույց տվեց The Economist-ին՝ ասելով, որ պատերազմը մտել է փակուղի։ Զելենսկին հակադարձել էր՝ նշելով, թե ճակատում իրավիճակը փակուղային չի համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջև