Պուտինը գրանցվեց նախագահի թեկնածու

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի ինքնառաջադրված թեկնածու, գործող նախագահ Վլադիմիր Պուտինին գրանցել է նախագահության թեկնածու:

«Որոշումն ընդունվել է միաձայն»,- հայտնել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Այդպիսով, Պուտինը դարձել է նախագահական ընտրություններում գրանցված չորրորդ թեկնածուն: Ավելի վաղ ԿԸՀ-ն նախագահության թեկնածու է գրանցել խորհրդարանական երեք կուսակցությունների ներկայացուցիչներին՝ Լեոնիդ Սլուցկուն (լիբերալ-դեմոկրատներ), Վլադիսլավ Դավանկովին (Նոր մարդիկ) և Նիկոլայ Խարիտոնովին (ՌԴ կոմունիստական կուսակցություն):

Պուտինի քաղաքական կարիերայում առաջիկա ընտրությունները հինգերորդն են լինելու: Մինչ այդ նա չորս անգամ ընտրվել է պետության ղեկավար (2000, 2004, 2012, 2018), լավագույն արդյունքը ցույց է տվել 2018-ին՝ ստանալով քվեների 76.69 տոկոսը:

Ռուսաստանում ընտրությունները տեղի կունենան եռօրյա ձևաչափով՝ այս տարվա մարտի 15-ից 17-ը: