Երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, տասնյակից ավելին վիրավորվել են Սիրիայի հետ Հորդանանի սահմանի մոտ՝ ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են «Իրանի կողմից աջակցվող արմատական զինյալ խմբավորումները»։
Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն «անկասկած պատասխանատվության կենթարկի հարձակման պատասխանատուներին»։
«Մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահը վիրավորների ստույգ թիվ չի հայտնել, սակայն ավելի ուշ մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ «անձնակազմից առնվազն 34-ը ուղեղի տրավմատիկ վնասվածքների համար ստուգման են ենթարկվում»:
Իրանը, իր հերթին, հերքել է իր առնչությունը հարձակմանը: Հորդանանից պնդում են, որ հարձակումը տեղի է ունեցել Սիրիայում, ոչ թե Հորդանանի ներսում։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) հարձակումից հետո սա առաջին դեպքն է, երբ տարածաշրջանում ամերիկացի զինվորականներ են սպանվում: