Հնդկաստանն աստիճանաբար հրաժարվում է Ռուսաստանից ստացվող զենքից. Reuters

Հնդկաստանի բանակի ներկայացուցիչները Ռուսաստան այցի ժամանակ, արխիվ

Հնդկաստանը Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո ձգտում է աստիճանաբար հրաժարվել զենքի իր ամենամեծ մատակարարից՝ Մոսկվայից, և կամաց-կամաց թեքվում է դեպի Արևմուտք, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Դելիի աղբյուրները:

Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է պատերազմի պատճառով զինամթերք և սարքավորումներ մատակարարելու Մոսկվայի սահմանափակ հնարավորությունները և այն փաստը, որ ԱՄՆ-ն այժմ փորձում է ամրապնդել իր կապերը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ հուսալով զսպել Չինաստանին և միևնույն ժամանակ նվազեցնել Հնդկաստանի ավանդական կախվածությունը Ռուսաստանից:

Անցյալ տարի Դելին և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա General Electric-ին Հնդկաստանում արտադրել ռեակտիվ շարժիչներ հնդկական կործանիչների համար: Երկու երկրները նախատեսում են արագացնել տեխնոլոգիական համագործակցությունը և համատեղ արտադրությունը տարբեր ոլորտներում՝ սկսած օդային մարտական հնարավորություններից մինչև հետախուզական:

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանը Հնդկաստանին տրամադրել է ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ զենքի 65 տոկոսը, սակայն «Ուկրաինայի դեմ պատերազմը լրացուցիչ խթան է հաղորդել հնդկական ռազմական սեգմենտի դիվերսիֆիկացմանը», նշում է Reuters-ը։