Սփյուռքահայ դաշնակցական գործիչներ Մուրադ Փափազյանին ու Մասիս Աբրահամյանին արդյոք կթույլատրվի՞ գալ Հայաստան, թե ոչ, պարզ կլինի Ազգային անվտանգության ծառայության որոշումից։
Կառույցից առայժմ չեն մեկնաբանում Վարչական դատարանի որոշումը, որով ԱԱԾ-ն պետք է Հայաստանի անցանկալի անձանց ցանկից հեռացնի երկու դաշնակցականների անունները։ Չեն հստակեցնում նաև՝ արդյոք պատրաստվում են վճիռը վիճարկել։
Ընդդիմադիր ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ու Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի պաշտպանները չեն բացառում, որ ԱԱԾ-ն Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկել։
«Ակնկալվում է, որ ԱԱԾ-ն բավարարված չի լինի և առաջ կգնա, Վերաքննիչ դատարան կդիմի և այլն, մենք, իհարկե, պատրանքներ չունենք, դա հասկանում ենք, բայց ես մի փոքր հույս ամեն դեպքում պահում եմ, որ սա խորապես ծանոթանալուց հետո իսկապես Ազգային անվտանգության ծառայությունը կփորձի լուծումներ գտնել այս իրավիճակների համար», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մուրադ Փափազյանն ԱԱԾ-ի դեմ հայց է ներկայացրել՝ վերականգնելու Հայաստան մուտք գործելու իր իրավունքըԵ՛վ Մուրադ Փափազյանի, և՛ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան 2022-ի ամռանն էր արգելվել։ Դաշնակցական երկու գործչին ոչ «Զվարթնոց» օդանավակայանում, ոչ էլ հետո չէին պարզաբանել՝ ինչն էր մուտքի արգելքի պատճառը։ Ավելի ուշ Կառավարությունից Մուրադ Փափազյանին մեղադրեցին 2021-ի ամռանը Փարիզում վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակումը կազմակերպելու համար։ Ֆրանսահայ գործիչը, սակայն, հերքել էր իր առնչությունն այդ այդ միջադեպին ու հայտարարել՝ քաղաքական է արգելքի դրդապատճառը։ Եթե Փափազյանի դեպքում որոշակի պարզաբանում տրվեց, ապա Մասիս Աբրահամյանի արգելքի մասին իշխանությունները լուռ մնացին։ Նրա դստեր մուտքը ևս արգելվել է։
Փափազյանը Ֆրանսիայի, Աբրահամյանները Նիդերլանդների քաղաքացի են։
Ըստ փաստաբանների՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Մուրադ Փափազյանին ու Մասիս Աբրահամյանին անցանկալի անձանց ցանկում ներառելու հիմքերը։ Դա է եղել Վարչական դատարանի որոշման հիմքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն արգելել է Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ատենապետի ու նրա դստեր մուտքը Հայաստան«Չի կարելի ուղղակի ասել, որ մենք մեր մոտ փաստարկ ունենք, մեր գրպանում փաստարկ կա, այդ փաստարկը շատ ուժեղ է, բայց մենք, կներենք, այդ փաստարկը ներկայացնել չենք կարող։ Սա է, դատական պաշտպանությունն այդ դեպքում զրոյանում է, և դատարանն այս պարզ միտքը շատ հանգամանալից համակարգային ձևով հղում անելով բազմաթիվ նախադեպային գաղափարների ինչպես ՀՀ դատական մարմինների, այնպես էլ Եվրոպական դատարանի, շատ որակյալ որոշում է կայացրել», - շեշտեց Ռուբեն Մելիքյանը։
«Այս նույն մեխանիզմն ԱԱԾ-ն կիրառեց բազմաթիվ հայազգի և հայրենանվեր իրենց գործունեությամբ հայտնի մեր հայրենակիցների նկատմամբ», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը ևս պաշտպանական թիմում է։
ԱԱԾ-ն արգելել է ևս երեք սփյուռքահայ դաշնակցականի մուտքը Հայաստան, փաստաբաններն ասում են՝ կրկին առանց պարզաբանման։ Նրանց գործերը ևս դատարաններում են։