«Որքան Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանը»
Արդյո՞ք Հայաստանի Սահմանադրությունն ու դրանում եղած հղումն Անկախության հռչակագրին խանգարո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հարցին Հայաստանի արտգործնախարարն այսօր կարճ պատասխանեց՝ ոչ։ Արարատ Միրզոյանը շարունակեց, որ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակության փաստաթուղթ է, բայց և չհերքեց, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։
«Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ, ըստ էության, բացառություն չէ, բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի», - այսօր տարեվերջյան ասուլիսին ասաց արտգործնախարարը։
Օրեր առաջ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Սրանից առաջ՝ նախ 2020 թվականի սկզբին, ապա 2022-ի հունվարին ստեղծվել էին բարեփոխումների վրա աշխատող խմբեր, վերջինը խորհուրդն է, որը հիմա էլ գործում է։ Արտգործնախարարարն այսօր հենց այս գործընթացները հիշեցրեց։
«Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք, և հանձնաժողովը ձևավորվել է 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց, եթե հիշողությունից ինձ չի դավաճանում», - նկատեց նա։
Այնուամենայնիվ, անպատասխան մնաց հարցը՝ արդյոք իշխանությունը փորձում է վերացնել Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը։ Ադրբեջանի Սահմանադրությունն, իր հերթին, հղում ունի այդ երկրի անկախության ակտին, որն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ առաջին հանրապետոթյան ժառանգն է։ Արդյոք բանակցությունների ընթացքում, երբ Բաքուն ասում է, թե խնդիրներ կան Հայաստանի Սահմանադրության հետ կապված, Երևանը խոսո՞ւմ է Ադրբեջանի Սահմանադրությունից, «Ազատությունը» հետաքրքրվեց նախարարից։
«Երկուստեք՝ երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել է այս առումով և այդ խնդիրները ներկայացրել է մյուս կողմին, և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ, այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից», - արձագանքեց Արարատ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր Սահմանադրությամբ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի պահանջը, ապահովում իշխանության վերարտադրությունը. ընդդիմադիր պատգամավորԱլիևի վերջին հայտարարություններից հետո Երևանը հետընթաց է տեսնում բանակցություններում
Այսօր գրեթե 2.5 ժամ տևած ամփոփոիչ ասուլիսի ընթացքում Միրզոյանը մանրամասն անդրադարձավ Երևանի ու հարևանների, Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի, եվրոպական առանձին երկրների հետ հարաբերություններին, խոսեց անգամ Նյու Դելիի հետ զարգացող հարաբերությունների մասին, սակայն հիմնականում կենտրոնացավ Ադրբեջանի հետ բանակցությունների ու խաղաղության գործընթացի վրա՝ հայտարարելով, որ վերջին ամիսներին ու հատկապես Ալիևի վերջին հարցազրույցից հետո Երևանը հետընթաց է տեսնում բանակցություններում, Ադրբեջանի նախագահը հարվածում է խաղաղության գործընթացին։
«Ցավով պետք է նշեմ, որ թեև այս դրական մեկ անգամվա քայլին՝ դեկտեմբերի 7-ի, հետագայում մենք տեսանք, որ կառուցողական մոտեցումն առնվազն Ադրբեջանի կողմից չի շարունակվում, և դա դրսևորվեց և պայմանագրի՝ ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ. այստեղ էական հետընթաց կար և կարելի է ասել՝ հարված կար խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում», - շեշտեց նախարար Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն մերժում է Երևանի առաջարկները, մյուս կողմից հայտարարում, թե կողմ է պայմանագրի ստորագրմանըՀունվարի 10-ին տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, հրաժարվել էր խաղաղության պայմանագիրը միջազգային երաշխիքներով ամրագրելու Երևանի պահանջից, խոսել նոր սահմանների մասին։
«Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի, մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող իրավական հիմքերով գծված սահմանները այն կերպ, ինչպես նրանք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա-Աթիի հռչակագիրը», - ասաց նա։
Էսկալացիայի հավանականություն առկա է. նախարար
Երևանն, այնուամենայնիվ, հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին՝ հուսալով, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ, և կհաջողվի ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։ Սակայն, ստեղծված պայմաններում Միրզոյանն ընդունեց՝ կա էսկալացիայի վտանգ։
«Էսկալացիայի հավանականություն Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է, ըստ էության, այն հռետորաբանությունը, առնվազն որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը», - հայտարարեց նա։
«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոյեմբերի 9-ի Հայաստանի ստանձնած պարտավորություններ հայտարարած Ալիևին արտգործնախարարը ևս մեկ անգամ հակադարձեց, որ որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ Հայաստանը պարտավորություններ չի ստանձնել ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ այլ՝ հետագա հայտարարություններով։ Ավելին, ըստ Միրզոյանի՝ Բաքվի պահանջները՝ ճանապարհ ռուս սահմանապահների հսկողությամբ, առանց մաքսային ու անձնագրային վերահսկման, 3-ն էլ ենթադրում են Հայաստանի ինքնիշխանության խախտում։
Եթե Բաքվի հետ դեմ առ դեմ բանակցությունները շարունակվեն, Երևանի համար սկզբունքա՞յին է միջնորդների ներկայությունը, թե՞ պատրաստ են բանակցել ուղիղ, արտգործնախարարը նշեց, որ սա Երևանի համար սկզբունքային հարց չէ, և կարևորը բանակցությունների բովանդակությունն է։
«Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացիում ինքս ոչ փակ հանդիպումների ընթացքում, որ հրապարակավ չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու», - ասաց Միրզոյանը։
Իր վերջին՝ հունվարյան ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն էր նման տեղեկություն հայտնել, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում։