ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի վաղը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի վաղը երեկոյան։

Նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն է։

Եվրոպացի պատվիրակն իր առաջարկը ներկայացնելիս շեշտել է՝ Բաքվի քաղաքանության պատճառով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ է բռնի տեղահանվել, երկրում քաղբանտարկյալներն ավելանում են։

Ըստ գերմանացի պատվիրակի՝ հենց ադրբեջանական պատվիրակության ուղիղ պատասխանատվության հետևանքով է, որ Վեհաժողովի զեկուցողներն անցած տարի առնվազն երեք անգամ չեն կարողացել այցելել արգելափակված Լաչինի միջանցք։ Բաքուն նաև մերժել է փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու Վեհաժողովի առաջարկը:

«Սա համագործակցության բոլոր կանոնների հստակ և աններելի խախտում է, ինչպես նաև փորձ՝ խարխլելու Եվրոպայի խորհուրդը», - նախաձեռնությունը ներկայացնելիս ասել էր Ֆրանկ Շվաբեն։

«Գործընթացը ենթադրում է, որ երբ վիճարկվում են որևէ պատվիրակության լիազորությունները, անհրաժեշտ է, որպեսզի այդ պահին ոտքի կանգնի և այդ գործընթացը սատարի առնվազն 30 ԵԽԽՎ պատգամավոր։ Շատ ավելի շատ թվով ԵԽԽՎ պատգամավորներ են ոտքի կանգնել երեկ, և գործընթացը մեկնարկել է։ Պատրաստվելու է զեկույց, որն անցնելու է մի շարք հանձնաժողովներով՝ մոնիթորինգային, իրավական, և արդյունքում այն քվեարկվելու է չորեքշաբթի երեկոյան՝ լիագումար նիստում», - «Ազատության»-ը փոխանցեց հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանը կարևոր է համարում գերմանացի պատվիրակի նախաձեռնությունը, սակայն չի շտապում կանխատեսել՝ արդյոք Վեհաժողովի անդամները վաղը կդադարեցնեն ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

«Կանխատեսում անել չեմ ուզենա։ Որ հարցը բարձրացվել է, հարցը քննարկվում է, մեծ հնչեղություն է ստացել, դա փաստ է։ Շվաբեն միշտ է եղել ճշմարտության, ադրբեջանական կեղծ դիվանագիտության կաշառող և ոչ արդար դիվանագիտության մեծ թշնամին։ Մենք դրա համար իրեն շնորհակալ ենք, այդ թվում նաև այս նախաձեռնության համար», - ասաց Մամիջանյանը։

Հայկական պատվիրակության իշխանական անդամները, որ անցած տարի ԵԽԽՎ-ում բազմիցս բարձրաձայնել են Լաչինի շրջափակման մասին, առայժմ զերծ են մնում գերմանացի պատվիրակի նախաձեռնությունը մեկնաբանելուց։ Հստակ չէ նաև, թե ինչպես կքվեարկեն, Հայկ Մամիջանյանն էլ չասաց։

Ադրբեջանական պատվիրակությունը մինչև քվեարկությունը կարող է մասնակցել աշխատանքներին, սակայն չի կարող մասնակցել իր վերաբերյալ քվեարկությանը։

Վաղվա քվեարկության երեք հնարավոր սցենար կա՝ պատվիրակները կա՛մ կհաստատեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, կա՛մ կմերժեն, կա՛մ կհաստատեն, սակայն կզրկեն պատվիրակության անդամներին վեհաժողովում կամ նրա մարմիններում մասնակցության կամ ներկայացուցչության որոշակի իրավունքներից։

Բաքվից դեռ պաշտոնապես չեն արձագանքել այս նախաձեռնությանը, սակայն իշխանամետ լրատվամիջոցները տեղի ունեցածը անվանում են «վրեժի փորձ» Ադրբեջանի դեմ, «որը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։