«Հայաստան» խմբակցությունից արձագանքում են Սահմանադրության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:

Ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են, թե «այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար»:

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով: Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելը», - նշում են պատգամավորները։

Նրանք ընդգծել են, որ «այս հայտարարությունը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների. վարչապետ