Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասել է Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունը «շարունակում է մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին»:
«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա. «Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա»:
«Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն», - ասել է նա։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Արարատ միրզոյանը նշել է, որ այն «ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»։
ԱԳ նախարարներն այսօր քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը:
«Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունում խթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:
ԱԳ նախարարներն այսօր անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: