Գրիպով ու սուր շնչառական այլ վիրուսներով վարակվածների թիվը շարունակում է աճել: Նախորդի համեմատ, այս շաբաթվա աճը կրկնակի է: Երեկվա տվյալներով՝ 723 մարդ է պառկած հիվանդանոցներում՝ ավելի քան 80 տոկոսը երեխաներ են: Թոքաբորբ է ախտորոշվել հոսպիտալացվածներից 240-ի մոտ, որոնց ճնշող մեծամասնությունը կրկին անչափահասներ են։
Մասնագետները տարվա այս ժամանակահատվածը համարում են շնչառական վիրուսների ակտիվացման սեզոն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ասում են՝ նաև դասերի վերսկսումն է նպաստել աճին: Համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի փոխանցմամբ՝ թիրախում կրկին խոցելի խմբերն են:
«Վերակենդանացման բաժանմունքներ թոքաբորբով ու սուր շնչառական վարակ ախտորոշումով հոսպիտալացված է 88 պացիենտ և 95 տոկոսն այս դեպքում էլի 0-18 տարեկան երեխաներն են», - ասաց Աբովյանը:
Մասնագետները հիշեցնում են՝ Հայաստանում շրջանառվում են գրիպի Ա և Բ տիպերն ու դրանց ենթատեսակները, օրինակ, խոզի գրիպը՝ H1N1-ը և մյուսը՝ H3N2-ը: Զուգահեռ սուր շնչառական վարակի մի քանի այլ տեսակ է շրջանառվում: Ի տարբերություն մյուս վարակների՝ գրիպի դեմ կա պատվաստանյութ:
Մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել գրիպի դեմ
Առողջապահության նախարարի խորհրդական Սերգեյ Սարգսյանը խորհուրդ է տալիս ծնողներին՝ 6 ամսականից բարձր երեխաներին պատվաստել գրիպի դեմ: Գրիպի սեզոնը սկսվում է հոկտեմբերին, ավարտվում՝ մայիսին: Գրիպը խաղ ու պար չէ, ասում է բժիշկն ու խորհուրդ տալիս երեխաներին տանը չբուժել առանց բժշկի նշանակումների:
«Երեխայի վիճակը պետք է գնահատի համապատասխան բժշկական կրթություն ստացած անձնավորություն: Երեխաների մեծ մասը, ինչպես ամբողջ աշխարհում, կարող են բուժվել տանը, եթե վիճակը ճիշտ է գնահատված ու ճիշտ կատարվում են տվյալ վիճակին համապատասխանող խորհուրդները: Գրիպի բարդությունները բավականին բազմազան են, չխոսենք բարձր տենդի մասին, որը որոշ դեպքերում նույնիսկ կարող է տևել մինչև 7-8 օր և իրապես հյուծել երեխային: Ամենածանր բարդություններից մեկը թոքաբորբն է, ընդ որում ինքը ունի երեք տեսակի թոքաբորբ, գրիպը բերում է նաև երբեմն ականջի բորբոքման զարգացման», - նշեց Սարգսյանը:
Այս վարակների շարքում նաև քովիդն է: Նախարարությունից պնդում են՝ քովիդն ամենանվազն է շրջանառվում, վերջին 14 օրվա ընթացքում հաստատված 130 դեպքը համարում են քիչ: Քովիդի դեմ պատվաստանյութ Հայաստանում այս պահին դեռ չկա, նախարարությունը գնման հերթական մրցույթն է հայտարարել:
«Մի քանի շրջափուլով մասնակից չի եղել, պատվաստանյութի առաջարկ չի եղել, այս վերջին մրցույթի արդյունքով կարծես թե ունենք մասնակից, և շուտով կկնքվի պայմանագիր, ու քովիդի դեմ պատվաստանյութը ևս հասանելի կլինի Հայաստանում», - ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ֆեյսբուքյան մեր հարցմանն արձագանքած քաղաքացիների պատասխանները տարբեր էին՝ և՛ պատվաստվել են, և՛ ոչ, կային մարդիկ, որ այս պահին հիվանդանոցում կամ տանը բարձր ջերմում են:
Դպրոց-մանկապարտեզները փակելու միտք նախարարությունը չունի
Դպրոց-մանկապարտեզները փակելու միտք նախարարությունը չունի: ՀՎԿԱԿ-ն էլ դրա կարիքը չի տեսնում, վարակի շղթան կթուլանա, ասում են, եթե հիվանդ երեխաները տանը մնան ու բոլորը հիգիենայի տարրական կանոնները պահպանեն:
«Նպատակային կանխարգելիչ միջոցառում ենք արդեն ձեռնարկել. Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվում է համաճարակային ֆիլտր, այսինքն, ախտանշաններով երեխաներին չեն թույլատրում ուսումնական հաստատություններ: Եթե երեխան ունի սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ, ապա չուղղորդել ուսումնական հաստատություն ու նախադպրոցական կազմակերպություն, անմիջապես դիմել առաջնային պահպանման օղակ», - ընդգծեց Ռոմելլա Ավովյանը:
Բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստվել գրիպի դեմ, «Ազատության» հարցին ՀՎԿԱԿ-ից այսպես պատասխանեցին. - «Այս տարվա համար նախատեսված պատվաստանյութի 60 տոկոսն է սպառվել։ Քանի որ պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի համար, բայց նրանց շրջանում պահանջարկը այդքան էլ բարձր չէ, ըստ դիմելիության, պատվաստում են նաև մյուսներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուր շնչառական վարակներ. հայաստանյան հիվանդանոցներում 579 մարդ է հոսպիտալացված, 90 տոկոսը՝ երեխաներ