Գյումրիի «Ճերմակ» հիվանդանոցի շենքը կրկին աճուրդի կհանվի

Գյումրիի իշխանությունները փորձում են վաճառել համայնքին պատկանող նախկին «Ճերմակ» հիվանդանոցի շենքը, որը եկամուտ չի ապահովում, բայց ծախսեր է պահանջում։

Առաջիկայում քաղաքի պատմական կենտրոնում գտնվող շենքը կրկին աճուրդի կհանվի։ Առաջինի ժամանակ ոչ ոք հայտ չէր ներկայացրել։ Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը և 6000 քառակուսի մետր հողատարածքը 750 մլն դրամ կամ 1.8 միլիոն դոլար են գնահատվել, աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 1 մլրդ 100 մլն դրամը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ գնի իջեցում չի նախատեսվում։ Ի տարբերություն առաջին աճուրդի, 2-րդում պայման է փոխվում։

«Գնային փոփոխություններ մենք առայժմ չենք նախատեսում, որպեսզի տեղի ունենա, բայց նոր աճուրդ կհայտարարվի, ուղղակի կարող է նոր աճուրդի ժամանակ, մենք կատարել ենք ուսումնասիրություններ լրացուցիչ, ավելի կոնկրետ նշենք նպատակային նշանակությունը, թե ինչի համար ենք օտարում: Մեր ուղղությունն այն է, որ շենքը քանի որ պատմամշակութային կառույց է, ցանկալի է ու երևի պարտադիր կլինի, որ օգտագործվի մշակութային նպատակներով», - ասաց Գասպարյանը:

Ի՞նչ առաջարկների դեպքում կարող է շենքը օտարվել. - «Կարող է լինել պատկերասրահ, կարող է լինել թանգարան, կարող է լինել ինչ-որ վայր, որտեղ կազմակերպեն փառատոններ, տարբեր միջոցառումներ մշակութային»:

Շենքը համայնքապետարանը 2 տարի առաջ է հետ վերցրել, վարձակալության ժամկետը լրացել էր ու վարձակալն էլ պարտքեր էր կուտակել համայնքին։ Ընդ որում՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հսկայական շենքն ամսական ընդամենը 40 հազար դրամով էր վարձակալության հանձնել։

2 տարի է շենքի պահպանության համար համայնքապետարանն է վճարում, բայց եկամուտ այդպես էլ չի ստանում, այն դեպքում, երբ վարձակալության համար ներդրումային 3 ծրագիր է հանրային քննարկման դրվել՝ 2-ը առողջապահական, մեկը հյուրանոցառեստորանային համալիրի։ Ինչո՞ւ համայնքապետարանը ամեն դեպքում շենքը վարձակալության չի հանձնում, այլ ցանկանում է աճուրդով օտարել։

«Էդ հարցը քննարկվել է քաղաքապետարանում և ավելի լավ կողմերը համադրելով վերջապես եզրակացություն է եղել, որ ավելի նպատակահարմար է օտարելը», - ասաց Հենրիկ Գասպարյանը:

Թե տեղական բյուջեից շենքի պահպանության համար որքան գումար է հատկացվել, գլխավոր ճարտարապետը տեղյակ չէր։

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ի սկզբանե դեմ էին շենքը օտարելու տարբերակին։

«Իհարկե, ցանկալի է մնա որպես համայնքապատկան, համայնքն ունի նաև խնդիրներ, որ հենց շենքային պայմաններ է անհրաժեշտ ապահովել, մենք չունենք պատկերասրահ, չունենք շախմատի դպրոց, վարձակալությամբ է, պարի դպրոց, վարձակալությամբ է: Այդ հարցը մենք առաջ քաշեցինք, որ ավելի նպատակահարմար է վերականգնել ու օգտագործել համայնքի կարիքների համար», - ասաց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը:

Մալխասյանը աճուրդի պայմաններում նպատակային կետի ավելացումն է կարևորում, որ քաղաքի կենտրոնում գտնվող շենքը որպես մշակութային հաստատություն ծառայի, թեև կողմ է նաև բուժկենտրոնի տարբերակին, քանի որ ի վերջո տասնամյակներով այն հիվանդանոց է եղել։