«Ռոման» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբն այսօր հայտնեց, որ պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Ռոման կարող է հաստատել, որ Ժոզե Մոուրինյոն ու նրա մարզչական անձնակազմը անմիջապես կլքեն ակումբը»,- ասված է ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ։

«Մենք ցանկանում ենք «Ռոմայում» մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել Ժոզեին ակումբ գալուց ի վեր նրա ավյունի ու ջանքերի համար։ «Ռոմայում» նրա պաշտոնավարման շրջանից միշտ հիանալի հիշողություններ կունենանք, բայց կարծում ենք՝ անհապաղ փոփոխությունը ամենալավն է ակումբի շահերի համար»,- հայտարարել են «Ռոմայի» սեփականատերեր Դեն և Ռայան Ֆրիդկինները։

Ժոզե Մոուրինյոն «Ռոմայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թվականի մայիսին։ Պորտուգալացու գլխավորությամբ 2022-ին «Ռոման» նվաճել է Եվրոպայի Կոնֆեդերացիայի լիգայի գավաթը, իսկ հաջորդ տարի դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։

60-ամյա Մոուրինյոն նախկինում մարզել է պորտուգալական «Պորտո», անգլիական «Չելսի», «Մանչեսթր Յունայթեդ», «Տոտենհեմ» թիմերը, իտալական «Ինտերն» ու իսպանական «Ռեալ Մադրիդը»։

Երկու անգամ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ 2004 թվականին «Պորտոյի» և 2010-ին՝ «Ինտերի» հետ։