Աջից, ձախից, վերևից ու ներքևից, դեպի իր բիզնես տարածք տանող բոլոր ավտոճանապարհները փակ են վանաձորցի Վաչագան Գասպարյանի համար։ Տարիների պայքարն այդպես էլ արդյունք չի տալիս։ Բողոք-դիմումները մինչև վարչապետ են հասել ու նորից ետ եկել իրեն՝ չհուսադրող պատասխանով, թե պահանջն իրագործելի չէ։
Վանաձորի Շիրվանզադե փողոցը վաղուց արդեն որպես Լաչինի միջանցք է հայտնի՝ առևտրականներն են զբաղեցրել ու ամբողջ փողոցի երկայնքով բացօթյա առևտուր են իրականացնում՝ հիմնականում միրգ-բանջարեղեն վաճառում։ Այս փողոցը փակ է մեքենաների ու դժվար անցանելի՝ անցորդների համար։ Վաչագան Գասպարյանը պնդում է, թե այս ճանապարհի հարևանությամբ գործող իր բիզնեսը չի ծաղկում զուտ այն պատճառով, որ ապակու գնորդներն իրենց ավտոմեքենաներով չեն կարողանում մոտենալ տարածքին։
«Ես էլ անհատ ձեռնարկատեր եմ, ապակի եմ վաճառում, հարկեր եմ մուծում, եթե չկարողանամ աշխատել, որտեղի՞ց մուծեմ, ընտանիքս ինչպե՞ս պահեմ: Ապակին չեն կարող պայուսակի մեջ գցել ու դուրս գալ, տրանսպորտ է պետք պարտադիր կերպով, իսկ տրանսպորտի ճանապարհ չկա», - ներկայացրեց Գասպարյանը:
Համայնքապետարանում վանաձորցի գործարարի խնդրի մասին տեղյակ են։ Ասում են՝ իրենց հասած դիմումների հիման վրա մի քանի անգամ վարչական վարույթներ են հարուցել, հարցը քննարկել կողմերի մասնակցությամբ, բայց ելքեր չեն գտել։ Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասում է՝ տասնամյակներ առաջ Լաչինի միջանցք դարձած Շիրվանզադե փողոցում «քաղաքաշինական միջավայր է ձևավորվել», քաղաքի հատակագծում դա արձանագրել են ու փոխելու մտադրություն, գոնե առայժմ, չունեն։
«Հիմա այնտեղ քաղաքաշինական միջավայր ձևավորվել է դեռ մոտ 40 տարի առաջ, նաև մեր գլխավոր հատակագծով այդտեղ ճանապարհ նախատեսված չի: Նախատեսված էր անցուղի, քայլուղի, բայց ոչ ճանապարհ ու այնտեղ տեղանքում չունենք այլ հնարավորություն նոր ճանապարհ կառուցելու», - նշեց Աբովյանը:
Կառավարության 2006 թվականի որոշման համաձայն՝ փողոցի ներքևի հատվածը փողոց էլ մնացել է, վերևի՝ Գասպարյանի բիզնես տարածքին հարակից հատվածը, նշված է իբրև կառուցապատման ենթական տարածք։ Դեռ 2006 թվականին Վաչագան Գասպարյանի ու նրա հարևանների տները գերակա շահ պիտի ճանաչվեին ու տեղում նոր բնակելի շենքեր կառուցվեին։ Մինչդեռ ծրագիրը դեռ թղթի վրա է։ Շիրվանզադեն փաստաթղթերում փողոց է մնացել, պաշտոնյաների ձևակերպումներում՝ անցուղի։
«Կարծում եմ՝ այն փուլին ենք հասել, որ ինքը, որպեսզի խնդիրը լուծի, կա՛մ պետք է դիմի դատարան, կա՛մ մյուսների պես ուղղակի աշխատի այնպես, որ կարողանա իր առօրյան կազմակերպի այս իրավիճակով», - ասաց ճարտարապետը:
Թե ինչի՞ հիման վրա է Վանաձորի գլխավոր հատակագծում փողոցն անցուղի դարձել, հայտնի չէ. համայնքապետարանում ձեռքի տակ այդ մասին որևէ որոշում չունեն։ Մինչդեռ դեպի իր բիզնես տարածք ավտոմեքենայի մուտքից զրկված Վաչագան Գասպարյանը ցույց է տալիս իրեն հասցեագրված պաշտոնական նամակները, որտեղ իր տան ու բիզնեսի հասցեն Շիրվանզադե փողոցն է, ոչ թե անցուղին կամ փակուղին, ինչպես պնդում են համայնքապետարանում։
Գլխավոր ճարտարապետն ասում է՝ որպես Լաչինի միջանցք հայտնի տարածքում առևտուր են իրականացնում Վաչագան Գասպարյանի նման այլ անհատ ձեռներեցներ՝ ենթադրաբար, առևտրի թույլտվությամբ։ Գասպարյանը սրան էլ է հակադարձում՝ ինչո՞ւ մյուս ձառներեցների մասին մտածում են՝ իր մասին՝ ոչ։
«Ստեղ յուրաքանչյուր առևտրական ունի կա՛մ վարձակալած, կա՛մ սեփական տարածք, թող խանութի ներսից առևտուր անեն, պարտադիր պիտի դնեն փողոցը փակե՞ն, դա նույն բանն է՝ ոնց որ ես իմ ապակիները տանեմ փողոցի մեջտեղը դնեմ», - ընդգծեց Վաչագան Գասպարյանը:
Գործարարի ճանապարհը փակած առևտրականները հրաժարվեցին հարցազրույցից, նշեցին, թե լեզու են գտնում իրենց հարևանի հետ՝ առանց դժվարությունների։
Վանաձորի իշխանությունները Գասպարյանին այլևս առաջարկ չունեն, ուղղորդում են դեպի դատարան։ Հուսահատ գործարարն ու նրա հարևանները մինչդեռ, շեշտում են՝ ոչ միայն ձեռներեցությամբ զբաղվելու, այլև հրշեջ ու շտապ օգնության մեքենաների ճանապարհներն այստեղ փակ են։