Մինչ Արդարադատության միջազգային դատարանում քննում են Հարավային Աֆրիկայի հայցն ընդդեմ Իսրայելի, հայ մասնագետները կարծիք են հայտնում, որ այս դատավարությունն իր ազդեցությունը կարող է թողնել Հայաստան-Ադրբեջան գործի վրա։ Պրետորիան պնդում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում։
«Դատարանը չի անդրադառնա ընդհանուր ցեղասպանության կոնվենցիային և չի հայտնի, որ ցեղասպանություն տեղի ունենա կամ տեղի չունենա: Ես կարծում եմ, որ ինքը այսպիսի տերմինալոգիան կօգտագործի, որպեսզի ասի, որ Իսրայելը պետք է խույս տա ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության, այսպիսի տերմինաբանություն կարող են օգտագործել», - ասաց Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
Երևանը 44-օրյա պատերազմից հետո էր դիմել Հաագայի դատարան՝ պնդելով, որ Ադրբեջանն Արցախում հայերի նկատմամբ ռասայական խտրականություն է դրսևորել՝ հազարավոր մարդկանց սպանելով հենց հայ լինելու համար։ Էռլանգեն-Նյուրենբերգ համալսարանի դոցենտ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի դիտարկումներով՝ Հարավային Աֆրիկան բերում է նաև այն փաստարկները, որոնք կային Արցախի դեպքում՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու օրերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը կտրականապես հերքում է պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ«Դրանով իրենք այնպիսի պայմաններ են ստեղծում, որ պաղեստինցիները չեն կարող վերարտադրվել, չեն կարող ապրել, գոյատևել, ուստի դրանով փորձում են ապացուցել այդ հատուկ դիտավորությունը Իսրայելի իշխանությունների կողմից: Սա մեզ համար կարևոր էր, և սա ինչ-որ ձևով պետք է հետագայում նաև մեր պրակտիկայում օգտագործել այս արգումենտացիան: Եթե սա նախադեպ ստեղծվի, ապա մեր պարագայում դա պետք է նաև օգտագործվի», - նշեց նա:
Գուրգեն Պետրոսյանը հիշեցնում է շրջափակման ամիսները, երբ Բաքուն թույլ չէր տալիս Արցախ հասցնել սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Միջազգային իրավունքի մասնագետի կարծիքով, եթե հետագայում որոշում կայացվի, որ Իսրայելի գործողություններն ինչ-որ առումով հանգեցրել են ցեղասպանության, դրա որոշակի տարրեր կարող են օգտագործվել Երևանի հայցի շրջանակում, չնայած հայկական կողմը դիմել է ոչ թե ցեղասպանության կանխման, այլ՝ ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակում։
«Ոչ միայն բլոկադան, պետք է հաշվի առնել, որ այն, ինչ կատարվում է պաղեստինցիների նկատմամբ, դա նաև ապարտեիդ է՝ ռասայական խտրականություն է ինչ-որ չափով տեղի ունենում, և դա ընկնում է մեր կոնվենցիայի շրջանակներում: Այնտեղի արձանագրումները կարող են օգտակար լինել Հայաստան-Ադրբեջան դատավարության համար», - ասաց Գուրգեն Պետրոսյանը։
Պետրոսյանը կանխատեսում է, որ, թերևս, ամսվա վերջին դատարանը Իսրայելի դեմ միջանկյալ միջոց կկիրառի՝ Իսրայելին հորդորելով զերծ մնալ ցեղասպանության տանող գործողություններից։
«Դիմումում Իսրայելի ցեղասպանական գործողություններն ու բացթողումները տեղավորվում են Իսրայելի 75-ամյա ապարտեիդի, 56-ամյա օկուպացիայի և Գազայի հատվածի 16-ամյա պաշարման ավելի լայն համատեքստում: Այդ պաշարումն ինքնին նկարագրվել է ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության Գազայի գործերի տնօրենի կողմից որպես լուռ մարդասպանություն», - Նիդերլանդներում Հարավային Աֆրիկայի դեսպանն էր դատարանում կոշտ գնահատականներ հնչեցնում Գազայի հատվածում խաղաղ բնակչությանը թիրախավորած Իսրայելի հասցեին։
Իր հերթին, սակայն, Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը հակադարձում էր՝ այս պատերազմը Իսրայելը չի սկսել. - «Հարգանքով հորդորում ենք դատարանին, որ այս դիմումը մերժվի, քանի որ այն զրպարտություն է, որը կոչված է մերժելու Իսրայելի՝ օրենքի համաձայն պաշտպանվելու իրավունքը աննախադեպ ահաբեկչական հարձակումից, որին նա շարունակում է բախվել և ազատելու 136 պատանդներին, ում դեռևս պահում է «Համաս»-ը»:
Ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի միմյանց դեմ ներկայացված հայցերի, այնպես էլ Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի դեպքում դատավարությունը կարող է տարիներով ձգվել։ Ընթացքում հնարավոր է՝ միջանկյալ միջոցներ կիրառվեն։