Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն անցած տարվա հոկտեմբերին Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո հրապարակել է իր դիտարկումները, անդրադառնալով արցախահայերի՝ իրենց տներ վերադառնալու նաև նրանց քաղաքացիությանն առնչվող հարցերին։
«Ղարաբաղից վերջերս տեղահանված հայերին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի, նույնիսկ եթե այս պահին շատերի համար դա հիպոթետիկ թվա, պետք է ճկուն լուծումներ գտնվեն, մասնավորապես, նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Մինչ հնարավոր վերադարձը, արագ ճանապարհներ պետք է գտվեն, այդ թվում՝ անվտանգային երաշխիքներ հաստատելով, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն գերեզմաններ, որտեղ թաղված են նրանց հարազատները», - գրել է Միյատովիչը։
Մարդու իրավունքների հանձնակատարը նաև ընդգծում է՝ Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած ունեցվածքը պաշտպանվի թալանից և գողությունից:
Միաժամանակ խոսելով Արցախում մնացած սակավաթիվ հայերի իրավունքների պաշտպանության մասին՝ Միատովիչն ընդգծել է, որ պետք է ապահովվի նաև նրանց ազատ տեղաշարաժի իրավունքը։
Թեև Հայաստանի իշխանությունը պնդում է, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել արցախահայերին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր դիտարկումներում նման ձևակերպում չի օգտագործել։
Եվրոպայի խորհրդի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 101 հազար հայերը մասայաբար լքել են Ղարաբաղը՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողություններից, այդ շրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելուց, ինչպես նաև Լաչինի միջանցքի 9-ամսյա բլոկադայից հետո, որի հետևանքով մարդիկ զրկված են եղել պարենից ու անհրաժեշտ ապրանքներից ինչպես նաև էներգետիկ մատակարարումից։
«Խանքենդիում, կամ ինչպես Ղարաբաղի հայերն են անվանում, Ստեփանակերտում, հանձնակատարը ականատես է եղել, որ փողոցները դատարկ են, տները՝ լքված, և գրեթե ոչ մի նշան քաղաքացիների ներկայության մասին։ Հիմնվելով այն ամենի վրա, ինչ Դունյա Միյատովիչը լսել ու տեսել է, հանձնակատարը եզրակացրել է, որ «անցած տարվա սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը իրենց լքված են զգացել, առանց վստահելի անվտանգության կամ պաշտպանական երաշխիքների որևէ մեկի կողմից և իրենց տները լքելը միակ հնարավոր տրամաբանական տարբերակն է եղել»։
Բաքվի արձագանքը․ «Միյատովիչի զեկույցը զրոյացնում է «էթնիկ զտման» անհիմն մեղադրանքները»
Պաշտոնական Բաքուն արդեն աձագանքել է Եվրոպայի խորհրդի հանձնակատարի դիտարկումներին։
Ընդգծելով, որ դրանք այնքան էլ անկողմնակալ ու արդարացի չեն, միաժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ Միյատովիչի զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը էթնիկ զտում չի իրականացրել։
«Զեկույցը զրոյացնում է «էթնիկ զտման» կամ «բռնի տեղահանման» անհիմն մեղադրանքները։ Հանձանակատարի դիտարկումները ցույց են տալիս, որ տեղի հայերը իրենց իսկ որոշմամբ են լքել Ղարաբաղի շրջանը, իրենց կամքով՝ առանց Ադրբեջանի իշխանությունների պարտադրանքի», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեչության այսօր տարածած հաղորդության մեջ։
Անդրադառնալով արցախահայերին իրենց տներ վերադառնալու հնարավորություն տալու Մարդու իրավունքների հանձանակատարի դիտարկմանը՝ Բաքուն ափսոսանք է հայտնել, որ Միյատովիչի զեկույցում տեղ չեն գտել «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները։
Ըստ Ադրբեջանի՝ դա ավելի համակողմանի մոտեցում կլիներ մարդու իրավունքների հարցերին, ներառյալ վերադարձի իրավունքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միյատովիչ. «Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձի»