Սանկտ Պետերբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում։ Հրդեհի մակերեսը կազմում է ավելի քան 50 հազար քառակուսի մետր, տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ հրդեհը մոտեցել է պահեստին կից գտնվող բեռնատարների կայանատեղիին։
Baza տելեգրամյան ալիքը գրում է, որ հրդեհը բռնկվել է հագուստի պահեստի 7-րդ հարկում։ «Ժամը 7:30-ի սահմաններում բանվորները սկսեցին փախչել շենքից։ Շատերը 2-րդ, 3 հարկերից ցատկում էին ներքև, քանի որ վթարային ելքի մոտ ուժեղ հրմշտոցներ էին, տուժածներից մեկը ոտքի ծանր այրվածք էր ստացել։ Ըստ նրա՝ այլ տուժածներ էլ կան»,- փոխանցում է Baza-ն։
Հրդեհի նախնական վարկածներից մեկը պահեստային համալիրի հրկիզումն է, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով РБК-ի աղբյուրը։