Օրերս հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պատրաստվում է դիմել Կառավարությանը՝ Երևանի օղակաձև այգու 4-րդ հատվածը գերակա հանրային շահ ճանաչելու և առանց մրցույթի մոտ մեկ տարի առաջ ստեղծված GreenRock Management ընկերությանը կառուցապատման իրավունքով հանձնելու համար:
Որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, պարզվեց, որ քանդման ենթակա են նաև առնվազն 60 տարվա պատմություն ունեցող Երևանի թենիսի կորտերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օղակաձև այգու թենիսի կորտերը քանդելու մասին հայտարարությունը՝ դժգոհությունների առիթԹեև այգու տարածքը լի է տարբեր շինություններով, քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում անվանապես միայն կորտերը հիշատակեց՝ հպանցիկ նշելով տարածքի խառը կառուցապատման մասին. - «Օղակաձև այգու տրամաբանությունը նայում ենք, էդտեղ թենիսի կորտերը իրականում չպետք է լինեին», - հայտարարեց Ավինյանը։ Ու հրահանգեց՝ շտապ դիմել Կառավարությանը տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու և GreenRock Management-ին տրամադրելու համար. - «Հնարավորինս արագ իրականացնեք այդ աշխատանքները»։
Ի՞նչ է հայտնի գործարքի, GreenRock Management ընկերության մասին և ի՞նչ հակասական կետեր կան այս պատմության մեջ
Ե՞րբ է ի հայտ եկել Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերաբերյալ նախագիծը: Եվ ո՞րն է եղել սկզբում՝ նախագի՞ծը, թե՞ այդ նախագիծը ներկայացնող ընկերությունը: Այստեղ տեղեկությունը հակասական է։
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը նշում է, որ քաղաքապետարան է դիմել մի ընկերություն՝ GreenRock Management Group անունով՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում վերակառուցման և կառուցապատման իրավունքի տրամադրման համար: Եվ հաշվի առնելով, որ տարածքում կան նաև այլ անձանց պատկանող գույքեր, անհրաժեշտ է այն հանրային գերակա շահ ճանաչել:
Երբ է այդ ընկերությունը դիմել քաղաքապետարան՝ Երանյանը չի մանրամասնում: Քաղաքապետարանը երկրորդ օրն է՝ այս և այլ հարցերի դեռ չի պատասխանել, իսկ GreenRock Management-ից այսօր վստահեցրեցին, որ ոչ թե իրենք են դիմել քաղաքապետարան, այլ քաղաքային իշխանություններն են դիմել իրենց։ «Քաղաքապետարանն է մեզ դիմել առաջարկով՝ բարեկարգելու Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը։ Դիմել ենք ութ ամիս առաջ։ Նախաձեռնությունը քաղաքապետարանից է եղել», - «Ազատությանը» փոխանցեց ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Սալոմեն։
«Նախագիծը պատրաստ եղել է մոտ ութ ամիս առաջ, ութ ամիս առաջ է ուղարկվել քաղաքապետարան», - նշեց մարքեթինգի տնօրենը, ի պատասխան դիտարկման՝ «Քաղաքապետարանից նշում են, որ քաղաքապետարան է դիմել GreenRock ընկերությունը», հավելելով. - «Նախագծով արդեն, ի պատասխան, իհարկե»։
Եթե հիմք ընդունենք այս տեղեկությունը, ստացվում է, որ ընկերությունն այգու բարեկարգման նախագիծն արդեն իսկ ներկայացրել է քաղաքային իշխանություններին, երբ գրանցումից միայն երեք ամիս էր անցել: Ստացվում է, որ քաղաքապետարանից էլ ավելի վաղ են կապ հաստատել ընկերության հետ, երբ ընկերությունն անգամ երեք ամսվա գործունեություն չուներ և որևէ նախագիծ դեռ չէր իրագործել:
Բայց Տիգրան Ավինյանի հարցազրույցներից մեկը հիմք է տալիս ենթադրելու, որ Օղակաձև զբոսայգու 4 -րդ հատվածի վերաբերյալ նախագիծը նույնիսկ ավելի վաղ է ի հայտ եկել: Ամեն դեպքում, Ավինյանն այդ հատվածի վերակառուցման արդեն գոյություն ունեցող «տպավորիչ» նախագծի մասին խոսել է 2023 թվականի փետրվարի 23-ին՝ GreenRock-ի հիմնադրումից ընդամենը երկու օր անց. - «Ունենք մի տպավորիչ նախագիծ, որը որ անելու ենք Օղակաձև այգու 4-րդ հատվածում»։
Ինչպե՞ս է քաղաքապետարանն իմացել այս նորաստեղծ ընկերության մասին, ի՞նչն է ստիպել կամ համոզել քաղաքային իշխանություններին՝ դիմել հենց այդ նորաստեղծ ընկերությանը, այս հարցին ևս քաղաքապետարանից չեն պատասխանել: Բայց Factor TV-ն պարզել է, որ այս գործարքը փաստորեն տեղի է ունենալու GreenRock ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց ամիսներ անց։ Մարետա Գևորկյանը, ով նաև «Էվոկաբանկ»-ի սեփականատերն է, ըստ Factor TV-ի՝ Երևանին ավելի քան 250 մլն դրամ էր նվիրաբերել, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող մի շենք։ Այդ ժամանակ դեռ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ին ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների. - «Բանկերից մեկի հիմնադիրը ուղղակի հարցրել է՝ «ի՞նչ կարող եմ անել Երևան քաղաքի համար»։ Հենց այնպես։ Էդպես էլ է լինում, պատկերացնում ե՞ք»։
Հանրային կարևոր նախագծի վերաբերյալ շատ այլ առանցքային տեղեկություններ ևս անպատասխան են: Հստակ չէ ոչ ներդրումների չափը, որ պատրաստվում է այդ ընկերությունը կատարել, ոչ էլ օտարման ենթակա տարածքի կոնկրետ չափը:
«Ճշտվում է այգու տարածքում ընկերության կողմից կառուցապատման ենթակա հատվածները, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվելիք ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը», - ասաց Երանյանը։
«Հանրային շահը նման ձև չի լինում»
Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ գործընթացը թափանցիկ չէ, անգամ ավագանու անդամները չեն տեղեկացվել:
«Այստեղ ունենք ոչ թափանցիկ, ոչ մասնակցային շատ տիպիկ օրինակ։ Եթե նույնիսկ պետք է այդ այգու հատվածը բարեկարգվեր, քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարեր նախագծերի, նույնը՝ Մերգելյանի դեպքում պուրակի, և տեսնեինք, ինչ տարբեր, գուցե հենց կորտերը պահպանելով շատ հետաքրքիր լուծումներ առաջարկվեին։ Այսինքն՝ քաղաքապետարանը հերթակա մեկանձնյա գնման է գնում, մենք տեսնում ենք, որ այգում նաև լինելու է կոմերցիոն բնույթի օբյեկտ, նույնը լինելու է, ի դեպ, Մերգելյանում, գուցե շատ այլ մարդիկ էլ կուզեին և է՛լ ավելի լավ նախագծեր կարող էին առաջարկեին։ Այստեղ նաև տեսնում են որոշակի, կներեք, բայց կոռուպցիոն միտումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
Քաղաքապետարանը նաև, ըստ Իզաբելլա Աբգարյանի, տարածքը հանրային գերակա շահ ճանաչման ուղարկելով ավագանու հնարավոր վերահսկողությունից է ազատվում. - «Քաղաքապետարանը հանում է համայնքային տարածքը Երևանի ավագանու վերահսկողության տակից, և ավագանին չի կարողանում այդ տարածքը վերահսկել, որովհետև տեղափոխում են դեպի Կառավարություն և որպես ներդրումային ծրագիր փորձում են իրականացնել աշխատանքներ։ Հստակ քաղաքականություն է, որը կոչվում է թայֆայական քաղաքականություն՝ իրենց մեջ, առանց նախօրոք հրապարակելու, իրենք որոշում են՝ ոնց պիտի լինի, ինչ պիտի լինի և հրամցնում են արդեն մարդկանց պատրաստի որոշում՝ անվանելով դա հանրային շահ։ Ոչ, հանրային շահը նման ձև չի լինում»։
Իսկ ի՞նչ է հայտնի GreenRock ընկերության մասին
Այս ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին: Հիմնադիրը «Էվոկաբանկ»-ի սեփականատերն է՝ Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Գևորկյանը: Նրանից առաջ այդ բանկի վերահսկող բաժնետեր է եղել նրա ամուսինը՝ Վազգեն Գևորկյանը: Իսկ «Էվոկաբանկ»-ը հիմնադրվել է որպես «Պրոմեթևս», ապա՝ «Պրոմեթեյ» բանկ Վազգեն Գևորկյանի հոր՝ Սիմոն (Սենիկ) Գևորկյանի կողմից:
Գևորկյանները, սակայն, առավել հայտնի են Ռուսաստանի պետական նավթագազային ոլորտի հետ իրենց կապերով: Նրանց է պատկանում, ի թիվս այլոց, «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ընկերությունը, որը զբաղվում է նավթագազատարների և արդյունաբերական օբյեկտների շինարարությամբ:
Ընկերության հիմնադիրը Վազգեն Գևորկյանի հայրը և Մարետա Գևորկյանի սկեսրայրն է՝ Սիմոն (Սենիկ) Գևորկյանը, ով դեռ խորհրդային ժամանակներում ղեկավարել է Գազային արդյունաբերության նախարարության շինարարական միավորումը, իսկ Սովետի փլուզումից հետո արդեն իր ընկերությամբ մասնակից է Ռուսաստանի պետական ամենախոշոր նավթագազային և էներգետիկ նախագծերին, օրինակ՝ այնպիսի առանցքային էներգատարների շինարարությանը, ինչպիսին են Բալթյան նավթամուղը, Յամալ-Եվրոպա, «Երկնագույն հոսք», «Հարավային միջանցք» գազատարները, որոնք ռուսական գազը հասցնում են Եվրոպա, Թուրքիա և Ադրբեջան: Ընկերությունը մասնակցում է նաև Թուրքիայում «Ակկույու» առաջին ատոմակայանի շինարարությանը՝ մոտ հազար աշխատողներով:
2012 թվականին Forbes-ը հոդված է հրապարակել՝ «Պետպատվերի արքաները» վերնագրով, որում ի թիվս Ռոտենբերգի, Դերիպասկայի, Աղալարովի նշվում է նաև Վազգեն Գևորկյանի անունը՝ որպես «Տրանսնեֆտ» ընկերության պետպատվերն իրականացնող:
2008 թվականին հայր և որդի Գևորկյանները Տիգրան Սարգսյանի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝ իրենց կազմակերպության 50-ամյակի առիթով և հայ-ռուսական գործարար կապերի զարգացման գործում ավանդի համար:
Սիմոն (Սենիկ) Գևորկյանը նաև այն գործարարներից էր, ով 2019 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր «Մարտի 1»-ի գործով ՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, շնորհավորել էր երկրորդ նախագահին 65-ամյակի առիթով, շնորհավորողների և աջակցողների ցուցակն այդ ժամանակ Քոչարյանի գրասենյակը հրապարակեց:
Ավինյանը ժամանակին պայքարում էր Երևանի հիշողությունն ու տեսքն աղճատելու դեմ
Ուշագրավ է, որ Տիգրան Ավինյանը, ինչպես շատ այլ բարձրաստիճան ՔՊ-ականներ՝ պատգամավորներ, նախարարներ, ժամանակին քաղաքացիական ակտիվիստներ էին և պայքարում էին այդ թվում քաղաքի հիշողությունն ու տեսքը տարբեր հատվածերում աղճատելու դեմ։
Այժմ արտգործնախարար, 2019 թվականին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, օրինակ, հանրային լսումների ժամանակ խոսում էր Հյուսիսային պողոտայում նախկինների կոռուպցիոն գործարքներից։
«Մեր ջանքերը՝ իրավական պետություն կառուցելու, թերի կլինեն, եթե մենք չանդրադառնանք ժամանակին գերակա հանրային շահի անվան տակ տեղի ունեցած՝ քաղաքացիների ունեզրկման գործընթացին։ Այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, իսկ գուցե նաև սեփական բիզնես և ֆինանսական շահերը։ Այսինքն՝ մենք խոսում ենք կոռուպցիոն հանցագործությունների մասին», - մասնավորապես հայտարարել էր Միրզոյանը։
Իրեն՝ Ավինյանին, ժամանակին կարելի էր տեսնել, օրինակ, Փակ շուկայի համար ցույցին մասնակցելիս: Մինչդեռ այժմ Ավինյանը առանց ավագանու ու հանրային քննարկումների, առանց մրցույթի որոշում է Երևանի մեկ այլ պատմական հատվածի՝ թենիսի կորտերի ճակատագիրը՝ «ենթակա է քանդման»:
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ այս գործելաոճն իրեն հիշեցնում է այն, ինչ կատարվում էր նախկինում: Այգին հանրությանը վերադարձնելու հայտարարությունների տակ Երևանից դարձյալ խլում են հիշողությունը:
«Դա ուղղակի մեկը մեկի Ռոբերտ Քոչարյանի Հյուսիսային պողոտայի և հետո այդ իշխանությունների ձեռագիրն է, ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում, և սա քաղաքական հարց է, սա միայն կորտերի հարց չէ», - ընդգծեց Սարգսյանը։
GreenRock Management ընկերությունից, սակայն, այսօր հայտնեցին, որ փաստաթղթային հարաբերություններ քաղաքապետարանի հետ դեռ չունեն, նախագիծը, որտեղ թենիսի կորտերը բացակայում են, վերջնական չէ: Այժմ հարցումներ են անցկացնում` հասկանալու, թե երևանցիներն ինչ կցանկանային տեսնել Օղակաձև այգում, ըստ ընկերության ներկայացուցիչ Աննա Սալոմեի՝ նախագիծը կարող է փոխոխության ենթարկվել, կորտերը կարող են պահպանվել: