Այսօր ժամը 11:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Հաղորդելով այս մասին՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության լրատվական վարչությունը նշում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Այսօր վաղ առավոտյան էլ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, այս գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող:
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ, հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը:
Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, նշված է հաղորդագրությունում:
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ, ձերբակալվել է ժամկետային զինծառայող