Ինչո՞ւ է հրաժարական տվել Պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը և ինչո՞ւ են վաղաժամ դադարեցվել ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Հիմնադրամի գործունեությունը վերահսկող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս հստակ պատասխաններ չի տալիս:
«Ես չեմ ուզում հիմա տալ կոնկրետ գնահատականներ, կոնկրետ գնահատականներ փոքր-ինչ անց խոստանում եմ, որ կտամ», - ասաց Քերոբյանը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր ֆոնդի ստեղծման օրվանից՝ 2019 թվականից, խորհրդի ղեկավար՝ 23-ից։
Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` նրան տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհրդի մեկ այլ անդամ Իսիդորո Լուչիոլան: Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։
Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի տնօրենների խորհուրդը, ըստ իրենց կայքի տվյալների, ներկայումս միայն կառավարության ներկայացուցիչներից է բաղկացած՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյան։ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները ևս վաղաժամ դադարեցվել են, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ֆոնդից՝ Տիգրան Ղազարյանը։
Թե որո՞նք են փոփոխությունների պատճառները, էկոնոմիկայի նախարարը ասուլիսի ժամանակ թեև հստակ չնշեց, այնուամենայնիվ, հիշեցրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը անցած տարեսկզբին հետազոտություն էր իրականացրել և որոշ խնդիրներ հայտնաբերել՝ մասնավորապես մատնանշել թափանցիկության ու հաշվետվողականության ցածր մակարդակը, նշել, որ հստակ չեն հիմնադրամի գործունեության նպատակները, հստակ չէ, թե որ նախագծերը կարող են ֆինանսավորել, իսկ որոնք՝ ոչ:
Հանրության մոտ նպատակահարմարության հետ կապված հարցեր էին առաջացել, երբ Պետական հետաքրքրությունների ֆոնդն, օրինակ, 2022 թվականին համաֆինանսավորել էր Երևանում բացված «Հարդ Ռոք» կաֆեն:
Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունից հետո ԱՆԻՖ-ում փոփոխություններ սկսվեցին, մասնավորապես վարչապետի աշխատակազմից ֆոնդի կառավարումն անցավ Էկոնոմիկայի նախարարությանը: Կառավարության որոշմամբ՝ հստակեցվեց հիմնադրամի նպատակը, այն է՝ նպաստել արտահանման նոր շուկաների զարգացմանն ու տնտեսապես բարդ ապրանքների արտադրությանը: Նույն որոշմամբ՝ նաև սահմանվեց, որ ընկերությունը չի կարող ներդրումներ իրականացնել մանրածախ առևտրի, հյուրանոցների, հանրային սննդի, շինարարություն, ժամանցի շահումով խաղերի, հանքարդյունաբերության և ֆինանսների ոլորտներում:
Ուշագրավ է, որ մինչ այս փոփոխությունները ԱՆԻՖ-ը ներդրում էր կատարել ժամանցի վայրում՝ «Հարդ ռոք» կաֆեում, առնչվել է նաև հանքարդյունաբերությանը: Երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետությանը նվիրեց բաժնետոմսերի մի մասը, դրանք գրեթե մեկ տարի՝ 2022 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր, կառավարել է հենց ԱՆԻՖ-ը, ապա կառավարության որոշմամբ կառավարությանը պատկանող բաժնեմասի կառավարումը հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտեին։
Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունից հետո, ԱՆԻՖ-ում նաև աուդիտ է անցկացվել, ու թեև այն խնդիրներ չեն հայտնաբերվել, բայց Էկոնոմիկայի նախարարությունը համարել է, որ աուդիտը ճշգրիտ չի արտացոլում Ֆոնդի ֆինանսական արդյունքը: Դրանից հետո, ըստ Քերոբյանի, կոլեգիալ որոշում է կայացվել:
«Մենք համարել ենք, որ դա ճշգրիտ չի արտացոլում ԱՆԻՖ-ի ֆինանսական արդյունքը և դրա վերաբերյալ դիտողություններ ուղարկել ենք ԱՆԻՖ-ի մենեջմենթին, որից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ ժամանակն է՝ լինի փոփոխություններ ԱՆԻՖ-ի մենեջմենթում, ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնը և այլն, դրա վերաբերյալ որոշումները անցած շաբաթ ընդունվել են», - ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Արդյոք խոսքը անարդյունավետ կառավարման մասին է, Քերոբյանն ասաց՝ դեռ որակումներ չի տա: ԱՆԻՖ-ում 2023 թվականին պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել նաև Պետական վերահսկողության ծառայությունը, ՊՎԾ-ից փոխանցեցին՝ ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են վարչապետին:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ կապված որևէ վարույթ կամ ուսումնասիրություն չունեն:
Պետական հետաքրքրությունների ֆոնդը համասեփականատեր է «Ֆլայ Արնա» ավիաընկերությունում, ներդրում է կատարել Երեմյանների ֆերմայում, մի քանի այլ գյուղատնտեսական, զբոսաշրջային նախագծերում, բայց ամենահավակնոտ ծրագրերից մեկը՝ արաբական «Մասդար» ընկերության հետ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, դեռ իրագործված չէ:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդում մինչև 2023 -ի նոյեմբեր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նրա աշխատակազմի երկու ներկայացուցիչներ էին ընդգրկված, սակայն Վահան Քերոբյանը նրանց լիազորությունները անցած տարեվերջին դադարեցրեց: