Արդարադատության միջազգային դատարանը այս շաբաթվա ընթացքում՝ հունվարի 11-12-ին լսումներ է անցկացնելու Հարավային Աֆրիկայի կողմից ներկայացված հայցի գործով, որը Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։
Միջազգային դատարանի 15 դատավորների կազմն ընդլայնվելու է Իսրայելի և Հարավային Աֆրիկայի կողմից ներկայացված մեկական դատավորներով։
Երկու երկրներն էլ ստորագրել են 1948 թվականին ընդունված Ցեղասպանության կոնվենցիան, ինչը միջազգային դատարանին իրավասություն է տալիս վճիռ կայացնել Կոնվենցիայի դրույթները խախտելու մեղադրանքների կամ վեճերի գործով։
Չնայած գործը վերաբերում է Գազայի հատվածի պաղեստինցիներին, նրանք դատավարությունում պաշտոնական դերակատարում չեն ունենա, քանի որ ՄԱԿ-ի անդամ չեն։
Հարավաֆրիկյան Հանրապետության՝ միջազգային դատարան ներկայացրած 84 էջանոց հայցում ասված է, որ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները «հաշվարկված են նրանց ֆիզիկական ոչնչացման համար», և պնդում՝ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում նրանց նկատմամբ։
Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած բոլոր պետությունները պարտավորվել են ցեղասպանություն չգործել, ինչպես նաև կանխել ու պատժել այն։ Կոնվենցիայով ցեղասպանությունը սահմանվում է որպես «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ»: