Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հայ-թուրքական կարգավորման հարցով հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ու ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության հարցեր։
Ըստ Ազգային ժողովի՝ նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը 2022-հունիսի 1-ին էր՝ Վիեննայում։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա: Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նախկին պայմանավորվածությունների մասով մոտ ապագայում գուցե լավ նորություն կունենանք»․ Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերություններից