Երեք ամիս է Անժելա Ասրյանի ավագ որդու մարմինը դիահերձարանում է, ինքը կրտսեր որդու շիրմաքարն առած վարձով տնից տուն է տեղափոխվում։
«Երկու մետր հող տվեք «Եռաբլուր»-ում»,- իշխանություններին է դիմում երկու որդիներին կորցրած մայրը։
«Ոչ մեկը մահվան աչքերին չի նայել, ոչ մեկը վիրավորներին շալակած, կյանքը փրկած չի, ոչ մեկի գրկին զոհ չի եղել, վարչապետից սկսած մինչև մնացածները փափուկ աթոռներին նստելը, սիրուն շորեր հագնելը չի նշանակում լավ տղա: Լավ տղան հայրենասերն ա», - ասաց Անժելա Ասրյանը:
Սասուն Սահակյանը 44-օրյա պատերազմի վերջին օրն է զոհվել, հետախույզ էր: Մայրը Արցախի հայաթափումից հետո ադրբեջանական անցակետով Հայաստան է հասցրել զոհված որդու բոլոր մասունքները՝ շիրմաքարը, զինվորական կոշիկներից մինչև պետական պարգևներ՝ Արիության, Մարտական ծառայության, Մարտական խաչ։ Ադրբեջանցի սահմանապահների քթի տակով անցկացրել է նաև այն ադրբեջանցի զինվորականի ուսադիրները, որին որդին էր գերեվարել:
Սասունի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է, մայրը հույս ունի, որ մի օր հնարավոր կլինի նրան տեղափոխել։ Ամիսներ առաջ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ զոհվեց տիկին Անժելայի ավագ որդին՝ Գրիգորին, ավագ ենթասպա էր ՀՕՊ զորքերում, 24 տարվա զինվորական:
Մինչև սեպտեմբերի 30-ը դատարկված Ստեփանակերտում սպասել է որդուն, որևէ լուրի: Երևանի դիահերձարաններից մեկում գտնվել է որդու մարմինը՝ գրպանում փաստաթղթերը։ Անժելա Ասրյանն այդ պահից սկսած դիմել է Պաշտպանության նախարարություն, Հայաստանի վարչապետին՝ «Եռաբլուր»-ում որդիների համար տեղ հատկացնելու խնդրանքով: Գրիգորիի այրիացած կինն ու հինգ երեխաները նույնպես այդ որոշմանն են սպասում։
Մի պատասխան ընտանիքն ստացել է. - «Եռաբլուր»-ում հուղարկավորում ենք մենակ զինվորներին»:
Տիկին Անժելան ներկայացրել է Գրիգորիի զինվորական - մարտական ուղին, առայժմ անօգուտ, հաջորդ փաստարկն այն է, որ «Եռաբլուր»-ում ննջում են նաև մարդիկ, որ կապ չեն ունեցել մարտական գործողությունների հետ:
Կառավարության որոշմամբ՝ զինվորական պանթեոնում հուղարկավորվում են մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողները, հասարակության ու պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձինք։ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արամ Թորոսյանը չմեկնաբանեց տեղեկությունը, որ «Եռաբլուր»-ում հուղարկավորվել են բենզինի պահեստի պայթյունից մահացած արցախցիներ, նա միայն ընդգծեց՝ «Եռաբլուր»-ում հուղարկավորությունները կատարվում են սահմանված ընթացակարգով։
Ըստ տիկին Անժելայի, Պաշտպանության նախարարությունից իրեն առաջարկել են Գրիգորիի մարմինը հուղարկավորել այլ տեղ, որտե՞ղ հարցնում է՝ Արցախից տեղահանվելուց հետո երեք հասցե փոխած կինը:
Սկզբում Արտաշատում տուն վարձեցին, հետո տեղափոխվեցին Այգեստան գյուղ, հողը փխրեցրին, շիրմաքարը, որդիների նկարները տան մի անկյունում շարեցին, տանտերը թե՝ «տունը ծախում եմ», օրեր առաջ տեղափոխվեցին Մասիս ..
ընտանիքում 14 հոգով են՝ նաև տիկին Անժելայի ամուսինը, որ ոտքը կորցրել է 90-ականների պատերազմում, կաթված ստացել կրտսեր որդու մահից հետո։ Հիմա էլ գիշերները մի ոտքով փորձում է իջնել մահճակալից, դուրս գալ տնից ու որոնել մյուս որդուն՝ Գրիգորիին, որի մարմինը դիահերձարանում է՝ մինչև մի քիչ հող գտնվի։