Երևանի մայր եկեղեցում ծննդյան տոնի պատարագ մատուցվեց։ Մարդիկ ամենաշատը խաղաղություն բառն են ասում, հետո միասնականության ցանկությունն է՝ Վեհափառ-վարչապետ, եկեղեցի - իշխանություն՝ բոլոր հարաբերություններում:
Սուրբ ծննդյան հայրապետական այս պատարագին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանական առաջին դեմքեր չմասնակցեցին։
Թեհրանահայ Ադամ Քեշիշյանը, որ Հայաստան է եկել Վեհափառի մատուցած այս պատարագին մասնակցելու, փորձում է հասկանալ կողմերին:
«Կրոնն ու իշխանությունն իրար չեն կարող շատ մոտ լինի, իշխանությունը ուժ ա ուզում, կրոնը հանգստություն ա ուզում», - ասաց Քեշիշյանը:
Ինչպես ամենուր՝ լավատես ու հոռետես եկեղեցում էլ կան:
Ազգի մասնատման ու ուժերի ջլատման մասին նաև կաթողիկոսը խոսեց. շեշտեց՝ հայ ժողովուրդը փորձությունները չկարողացավ հաղթահարել ոչ միայն աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, այլև բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։
«Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության», - ասաց Գարեգին Բ-ն։
«Այսպես Արցախը միայնակ մնաց», - արձանագրեց Վեհափառն ու պատգամեց՝ մեր սրտերը չդարձնենք հուսահատության ցուրտ ու մութ անձավ:
«Ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո և ճշմարտի առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի։ Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները», - հայտարարեց կաթողիկոսը։
Տեղահանված արցախցիներին Վեհափառն առանձին պատգամ ուներ՝ «մնացեք հույսով լի, Աստված ձեր կրած զրկանքների փոխարեն ձեզ բարիքներ պիտի պարգևի»:
«Երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց երեկ երեկոյան՝ կաբինետում, սաղմոսով:
Հռիփսիմե Ավագյանը վարչապետի շնորհավորանքը չի լսել, որովհետև երեկ այդ ժամերին դարձյալ եկեղեցում էր:
Տիկին Լիաննան վարչապետի ներկայացրած սաղմոսն անգիր գիտի ու հռետորական մի հարց ունի. թագավորը ո՞վ է. - «Դավիթն էր թագավոր, Աստծու մարդ, որի ժամանակ տիրեց խաղաղություն ու հրեա ազգը բազմացավ. շատացավ հզորացավ, ի՞նչ ունենք մենք»: