ԱՄՆ Գերագույն դատարանը կքննի Թրամփի դիմումը

ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննել Դոնալդ Թրամփի բողոքը դատարանի որոշման վերաբերյալ, որն արգելում է նախկին նախագահին մասնակցել Կոլորադոյի հանրապետականների նախնական ընտրություններին՝ փրայմերիներին, հայտնում է BBC-ին՝ նշելով՝ գործը կքննվի փետրվարին։

Կոլորադոյի դատարանն այս վճիռը կայացրել էր դեկտեմբերին՝ իր այս քայլը պատճառաբանելով այն դերակատարությամբ, որ ունեցել էր Թրամփը 2021 թվականի հունվարի 6-ին՝ Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման ընթացքում։

Դատարանը պնդել էր, որ «Թրամփը ներքաշված է եղել խռովության փորձի մեջ, ինչը անհնարին է դարձնում նրա կողմից որևէ պետական պաշտոն զբաղեցնելը»։

Նախկին նախագահի փաստաբանները, սակայն, պնդում են, որ նահանգային դատարանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ միայն ԱՄՆ Կոնգրեսն է, որ իրավունք ունի արգելափակել որևէ անձի մասնակցությունը նախագահական ընտրություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը դիմում է ԱՄՆ Գերագույն դատարան