Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը:
«Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ քննարկվել է «խաղաղության բանաձևի» վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ Թե կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը, չի նշվում։
«Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։