Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասված է. - «Խորը ցավով տեղեկացա Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի մասին, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։ Այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը բարեկամ ճապոնացի ժողովրդի կողքին են։ Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկվող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն բնական աղետի ծանր հետևանքները»։
Նիկոլ Փաշինյանն իր կարեկցանքն ու զորակցությունն է հայտնում աղետի զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Շաբաթասկզբին Ճապոնիայում տեղի ունեցած աղետի հետևանքով, վերջին տվյալներով, 92 մարդ է զոհվել, 460-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել, 242 մարդ դեռ անհետ կորած է: