Իրանում այսօր սգո օր է։
Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի ունեցած երկու պայթյուններից առնվազն 103 մարդ է զոհվել, 171-ը վիրավորվել։
Հարձակումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ 3 տարի առաջ հունվարի 3-ին սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին ասել է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել ժամը 15։00-ին։ Երբ գերեզմանատան այցելուները շտապել են օգնություն ցուցաբերել վիրավորներին, երկրորդ պայթյունն է որոտացել՝ մոտավորապես առաջին պայթյունից 20 րոպե անց։ Վահիդիի խոսով՝ երկրորդ պայթյունն ավելի շատ մարդկանց կյանք է խլել։
Քերմանի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել՝ չհստակեցնելով սակայն, թե ովքեր կարող էին կանգնած լինել դրանց հետևում:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իր ուղերձում շեշտել է՝ «Քերմանի հարձակումների հետևում կանգնած հանցագործները պետք է սպասեն կոշտ պատասխանի»։
«Չար ու ոճրագործ թշնամիները հերթական անգամ աղետ ստեղծեցին։ Նրանք պետք է իմանան, որ այս աղետը, Աստծո կամոք, ծանր արձագանք կունենա», - հավելել է նա։
Վահիդին իր հերթին հայտարարել է՝ «այս ահաբեկչությունը հնարավորինս արագ կարժանանա իսլամական հանրապետության անվտանգության ուժերի և զինվորականների խիստ և կործանարար պատասխանին»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
«Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է Հայաստանի վարչապետի հեռագրում։