Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

Ճապոնիայում իրար հաջորդած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնել են Իսիկավայի իշխանությունները։ Հենց այս վայրն է հայտնվել շարունակվող երկրաշարժերի էպիկենտրոնում։

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ևս առնվազն 50 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

Իսիկավայում, որն ամենամոտն է շարունակվող երկրաշարժերի էպիկենտրոնին, իրավիճակն ամենաբարդն է։ Այնտեղ ավելի քան 200 տուն է բռնկվել, փլուզվել է ավելի քան 100 բնակելի շենք, իսկ մարդիկ դեռ մնացել են փլուզված առնվազն 17 տների փլատակների տակ։

Տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները, տարածաշրջան են ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները։