Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Նովոչերկասկ» դեսանտային նավին հասցված հարվածի հետևանքով զոհվել են 74 ռուս նավաստիներ, ևս 27-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել են «Սևաստոպոլի լուրեր» պորտալը և «Սևաստոպոլի անկախ հեռուստատեսությունը»՝ հղում անելով Սևծովյան նավատորմի տեղեկատվական բաժնի հաղորդագրությանը։ Երկու գրառումներն էլ հետագայում հեռացվել են համացանցից:
«Սևաստոպոլի լուրեր» կայքի հրապարակման մեջ նշվում է նաև, որ ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովն առաջարկել է քաղաքում երկօրյա սուգ հայտարարել:
Ռուս նավաստիների զոհվելու մասին գրել է նաև «Ուկրաինայի ազգային դիմադրության կենտրոնը», որի պնդմամբ՝ «Կիբեր դիմադրություն» խմբի ակտիվիստները հայթայթել են Եվմենովի նամակը: «Կիբեր դիմադրություն» խմբի փոխանցմամբ՝ «Նովոչերկասկ»-ի նավաստիների զոհվելու մասին լուրը հաղորդել են Ղրիմի լրատվամիջոցները, որոնցից մի քանիսը հետագայում իրենց էջերից հեռացրել են այդ հրապարակումները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նավի վրա կորուստների մասին պաշտոնապես չի հայտնել։
Դեկտեմբերի 26-ի գիշերը մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել բռնակցված Ղրիմի Թեոդոսիայի նավահանգստում։ Ուկրաինական ռմբակոծիչները հրթիռային հարված են հասցրել «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավին, որը խարսխված էր նավամատույցում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Նովոչերկասկ»-ը «վնաս է ստացել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելիս»։
Ավելի վաղ Astra հեռագրային ալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, թե Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով առնվազն 33 նավաստի անհետ կորել է։ Ենթադրվում է, որ հարվածի պահին նավի վրա եղել է 77 նավաստի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական օդուժը ռուսական ռազմանավ է խոցել, ռուսները ցամաքով առաջ են շարժում