Բաքվի դատարանը սկսել է ընդդիմադիր ակտիվիստ Հաջիևի գործով քննությունը

Բաքվի դատարանը սկսել է ընդդիմադիր ակտիվիստ Բախտիյար Հաջիևի գործով քննությունը, ով ճաղերի ետևում է արդեն մեկ տարուց ավելի՝ խուլիգանության ու դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։ Ակտիվիստը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները և պնդում, թե Ալիևի վարչակազմը պարզապես գերեվարել է իրեն։

Ազատազրկումից հետո նա ի նշան բողոքի երկու անգամ հացադուլ է հայտարարել։ Իշխանությունները, սակայն, անցած օգոստոսին էլ ավելի էին խստացրել մեղադրանքները՝ ավելացնելով ապօրինի գործունեության, կեղծ փաստաթղթերի շրջանառության ու թմրամիջոցների ապօրինի առևտրի հոդվածներ։

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ալիևի հերթական ընդդիմախոսի այս ազատազրկման կապակցությամբ՝գործը համարելով քաղաքական։

Սա Հաջիևի արդեն երկրորդ ազատազրկումն է։ 2011-ին էլ նա երկու տարվա կալանքի էր դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Բաքու կատարած այցի նախաշեմին, սակայն, Բաքուն նրան վաղաժամ ազատ էր արձակել։