ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդին խոստանում է աջակցել Արցախ հայերի անվտանգ վերադարձին և նրանց ինքնորոշման իրավունքին

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը քարոզարշավի ժամանակ, հոկտեմբեր, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ի թիվս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ - «Էթնիկ զտումների այս քաղաքականության դատարկ դատապարտումները բավարար չեն։ Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձը Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը»։

«Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը: Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ», - հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերը:

Երկուսուկես րոպե տևողությամբ տեսաուղերձը հրապարակվել է այսօր նախագահի թեկնածուի յութուբյան պաշտոնական քարոզարշավային ալիքում:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությունը: «Մենք առավելաբար գնահատում ենք նրա հայտնվելը որպես 2024 թվականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, հատկապես հաշվի առնելով, որ նախագահական ամենահավանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, զինել են Ադրբեջանի կողմից Արցախի քրիստոնյա հայերի ցեղասպանությունը», - հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ռոբերտ Քենեդի կրտսերը 69 տարեկան է, մինչև այս տարի անդամակցել է Դեմոկրատական կուսակցությանը, այժմ անկախ գործիչ է, բնապահպանական խնդիրներով զբաղվող իրավաբան, COVID-19-ի ընթացքում հանդես է եկել պատվաստումների դեմ և պնդել, թե համավարակը հարստացրել է միլիարդատերերին: