Արայիկ Թունյանը հրաժարական է տվել ՍԴ դատավորի պաշտոնից

ՍԴ անդամ Արայիկ Թունյան, արխիվ

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական է տվել: Այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասված է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում, որը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում:

Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հրաժարականի պատճառը Թունյանի՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելն է:

Խորհրդարանի կանոնակարգի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վարչապետից և վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»։ Ըստ նույն հոդվածի՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնյան հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը, և հրաժարականը համարվում է ընդունված:

Արայիկ Թունյանը Սահմանադրական դատարանի դատավոր է 2014 թվականից: