Պարծենալու առի՞թ, թե՞ աղավաղում. մինչ իշխանականները աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական կազմակերպություններից մեկի հաշվարկներով են կիսվում՝ այն Հայաստանի համար աննախադեպ հաջողության ցուցիչ համարելով՝ տնտեսագետները պնդում են՝ այստեղ մանիպուլյացիա կա։
«Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է մեկ շնչին ընկնող ՀՆԱ -ի ցուցանիշով». վերջին օրերին այս վերնագրով հրապարակումներ հաճախ կարելի էր տեսնել ու լսել նման հայտարարություններ իշխանականների շուրթերից։ Վաշինգտոնում տեղակայված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաշվարկներով այս տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը Հայաստանում 8280 դոլար կկազմի, 8160՝ Վրաստանում, 7530՝ Ադրբեջանում։
Իշխանականները, մինչդեռ, ոչ միայն չեն նշում նույն կազմակերպության ոչ պակաս կարևոր մեկ այլ տվյալ, որով Հայաստանն ամենևին էլ առաջատարը չէ, այլև իրենց ելույթներում մի փաստ են մոռանում. ի տարբերություն հարևանների՝ հայկական դրամն էապես արժևորվել։ Դոլարային արտահայտությամբ ավելի մեծ թիվը մեծապես նաև հենց այս գործոնի ազդեցությունն է, ընդգծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Եթե սկսենք 2022 թվականի ապրիլից, ապա դրամը մոտավորապես 20-25 տոկոսով արժևորվել է, այսինքն, սա մոտավորապես 2025 տոկոսով ավելացրել է մեր անվանական ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ: Վրացական լարին այսպիսի արժևորում չի ունեցել, ճիշտ հակառակը՝ նաև որոշակի արժեզրկում է ունեցել և այս պայմաններում խոսել համախառն ներքին արդյունքի մեկ շնչին ընկնող այդ ցուցանիշների մասին, սա կարծում եմ՝ մանիպուլյացիա է», - ասաց Պարսյանը:
Համախառն ներքին արդյունքի տարեկան տվյալները ներկայացնում են տվյալ երկրում ամբողջ տարվա ընթացքում արտադրված ապրանքների, ծառայությունների ընդհանուր շուկայական արժեքը։ Թիվը բոլոր բնակիչների միջև բաժանելով էլ ստացվում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած հաշվարկներով Հայաստանն այս տվյալով աշխարհում 82-րդն է, Վրաստանը մեկ հորիզոնականով է զիջում, Ադրբեջանն էլ 89-րդ տեղում է:
«Բացի այդ անվանական ՀՆԱ-ից զատ մենք պետք է կարևորենք նաև իրական ՀՆԱ-ն, որը հաշվի է առնում բնակչի մակարդակը և իրական ՀՆԱ-ն, որը կոնկրետ արձանագրում է տվյալ երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների քանակությամբ, այսինքն, որքան ապրանք ու ծառայություն է արտադրվում: Վրաստանի պարագայում այս ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանինը, եթե հաշվի առնենք իրական գնողունակության տեսանկյունից», - ընդգծեց տնտեսագետը:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի այս ցուցանիշը, սակայն, բավարար չէ երկրների համեմատության համար՝ կյանքը մի տեղ թանկ է, մյուսում էժան, տարբեր են փոխարժեքները և այլն... մի երկրում 1000 դոլարով կարելի է ավելի շատ ապրանք ձեռք բերել, քան մեկ ուրիշ պետությունում 2000 դոլարով։ Այս տարբերությունների պարագայում երկրների տնտեսությունները համեմատելու համար մակրոտնտեսական մեկ այլ կարևոր ցուցանիշ է կիրառվում՝ նույն մեկ շնչին ընկնող ՀՆԱ -ն, բայց արդեն գնողունակության համարժեքությամբ։ Այս դեպքում, օրինակ, Հայաստանի ցուցանիշը կարելի է համեմատել շատ ավելի թանկ կյանք ունեցող պետությունների հետ, մոտավորապես հասկանալ այստեղ ունեցած 1000 դոլարը ինչ արժեք կունենա այլ երկրներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ վիճակագրության՝ տնտեսության կառուցվածքում ներդրումների մասնաբաժինը շարունակում է կառավարության սահմանած թիրախից ցածր մնալԱրժույթի միջազգային հիմնադրամն այս հաշվարկն էլ է իրականացնում. այստեղ արդեն Հայաստանն առաջատարի դիրքը հյուսիսային հարևանին է զիջում. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով ճշգրտված Հայաստանում շուրջ 20 հազար դոլար է, Վրաստանում՝ գրեթե 2500 -ով ավելի, Ադրբեջանում էլ ցուցանիշը գրեթե 19 հազար դոլար է։ Հայաստանի հետ համեմատելու համար նաև Իրանի տվյալն են ներկայացնում՝ այս երկրում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի, 4200 դոլար է՝ գրեթե երկու անգամ պակաս Հայաստանից։ Սա, մինչդեռ, ամենևին չի նշանակում, որ հարևան երկիրը երկու անգամ հետ է մնում, ընդհակառակը, գնողունակության համարժեքությամբ Իրանի ցուցանիշը դեռ մի բան էլ բարձր է։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է՝ տնտեսական աճի ու հաջողությունների մասին խոսելիս իշխանականները նաև պետք է բացատրեն՝ ինչո՞ւ է աղքատության ցուցանիշը, չնայած այս ամենին բարձր մնում։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում յուրաքանչյուր չորրորդն աղքատ է:
«Մենք պետք է տարբերակենք իրական և մանիպուլյատիվ թվերն իրարից ու չպետք է այդպիսի մեծ ցուցանիշով փորձենք ցույց տալ տնտեսական առաջընթաց, տնտեսական ձեռքբերումներ, կենսամակարդակի բարելավում», - ընդգծեց Պարսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է՝ աղքատությունը հաղթահարելու ճանապարհն աշխատանքն է:
Տնտեսական աճի տեմպերով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի առաջատարն է, այլև աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ուն ։ Մասնագետներն ու լրագրողները բարձր աճի այս շրջանում շարունակ ընդգծում են՝ ռուսաստանցիների ներհոսքով, Ռուսաստանի հետ հետ ռեկորդային բարձր առևտրաշրջանառության արդյունքում հնարավորություններն ու ռեսուրսները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն ու կապիտալիզացվեն։ Գուցե մի օր էլ Հայաստանի տնտեսության համար բարենպաստ այս գործոններն այլևս չլինեն, ինչի նախանշանները տնտեսագետներն արդեն տեսնում են՝ արագացել են դրամի արտահոսքի տեմպերը...