146 մեդալ ծանրամարտի առաջնություններում. գլխավոր մարզիչն արդյունքն աննախադեպ է համարում

146 մեդալ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում. Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը 2023-ին հայ մարզիկների գրանցած արդյունքները աննախադեպ է որակում:

«Պատանիները Եվրոպայի, աշխարհի չեմպիոն են դարձել, երիտասարդները՝ աշխարհի երրորդ մրցանակակիր, մեծահասակները՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն», - ասաց նա։

Սուր ու հաճախ կատակներով զուգորդվող ելույթներով հայտնի մասնագետը ծանրորդների տարին ամփոփելիս չի թաքցնում ոգևորությունը՝ իր սաներն անհասանելի Չինաստանին են հաղթել.- «Պատկերացնո՞ւմ եք Չինաստանի հետ ոտք գցեն և նույնիսկ հաղթեն։ Այդ բառերն ասելուց ես փշաքաղվում եմ ու սարսափում, պատկերացնո՞ւմ եք միլիարդուկեսի հետ մրցեք երկուսուկես ազգով»։

Այս գարնանը Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով լավագույնն էր։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ թիմը ծանրամարտում առաջատարի համբավն ապրապնդեց նաև աշնանը՝ Էլ Ռիադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը կրկին առաջինն էր: Գլխավոր մարզիչը, որը նաև ֆեդերեցիայի քարտուղարն է, չի էլ թաքցնում՝ իր սաների հաջողությունների համար այս տարի ինքն էլ է մեծ պարգևատրումներ ստացել՝ 27 միլիոն դրամ։

Առջևում Փարիզ 24-ն է. հավաքականն օլիմպիական խաղերում մեդալների ակնկալիքներ ունի։ Տղամարդ ծանրորդներից 5-ն արդեն Հայաստանի համար տեղ են ապահովել, բայց ըստ կարգի՝ խաղերին կարող է մասնակցել առավելագույնը 3 տղամարդ, 3 կին։ Առաջիկա ամիսներին ուժեղագույն հայ մարզիկները կորոշեն իրենցից ամենազորեղներին. «Ծանր քաշում երկու մարզիկ ունենք՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան, 102 կիլոգրամ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյան և Գարիկ Կարապետյան, 89կգ քաշում միակն է, և երկրորդը չկա, Անդրանիկ Կարապետյանն է»։

Կին ծանրորդներից առայժմ ոչ ոք ուղեգիր չի նվաճել, բայց Ալավերդյանի խոսքով՝ հնարավորություններ դեռ կան։

Թե Հայաստանն ընդհանուր առմամբ քանի մարզիկ կներկայացնի սպորտային ամենամեծ իրադարձությանը, դեռ հայտնի չէ, սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանն ավելի վաղ ասել էր՝ շուրջ 30 հոգանոց թիմ կլինի։

Փաշիկ Ալավերդյանը նաև առանձին մարզիկներից խոսեց. լրագրողները հարցրին՝ ինչպե՞ս է գնահատում քաշային կարգը փոխած և այժմ գերծանրերի հետ ուժերը չափող Սիմոն Մարտիրոսյանի ելույթները։

«Սիմոնը 109 քաշի Լաշա Լախաձեն է, նրա տեղափոխվելը պարտադրված էր, մարդը մեծանում է, 8-9 կգ քաշ է գցում, մինչև ե՞րբ, բայց այսօրվա դրությամբ էլի կարողանում է, Սիմոնը մնում է Սիմոն, բայց ես չեմ կարծում, որ կարողանա հասնել օլիմպիական խաղերին բոլորիս ուզած կիլոգրամը բարձրացնի», - ասաց նա

Ավելի քան 5 տարվա դադարից ու ծննդաբերությունից հետո մեծ սպորտ վերադարձած Հռիփսիմե Խուրշուդյանին էլ անդրադարձավ. 36-ամյա մարզուհին այժմ ի՞նչ պոտենցիալ ունի։

«Դեռևս չի եղել այնպիսի դեպք թողնելուց հետո, որ կարողանան շատ մեծ արդյունքի հասնել, բայց միգուցե իր մոտ ստացվի, ինքն ապարանցի է, կարող է ստացվի», - ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Նա, սակայն, մի բանից սրտնեղում է՝ թղթաբանությունը շատ է՝ բանակում ծառայությունից տարկետում, անձնագրեր, վիզաներ և այլն։ Մարզիչն այս հարցերով ավելի մեծ աջակցություն է ակնկալում կառավարությունից, այլապես գուցե թղթերից այնքան խոնջանա՝ թողնի ու հեռանա։